«Հասարակություն առանց բռնության» (ՀԱԲ) ՀԿ-ն և «Կին խաղաղաշինարարների համաշխարհային ցանց»-ը (GNWP) Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում են «Տեղական, ազգային և տարածաշրջանային ռազմավարություն՝ բարելավելու ՄԱԿԱԽ 1325 բանաձևի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Ադրբեջանում» ծրագիրը, որի շրջանակներում 2017 թվականին մի շարք քննարկումեր են անցկացվել Երևանում և Դիլիջանում։ 2018 թ. փետրվարի 26-27-ին քննարկում է իրականացվելու Սյունիքի մարզում՝ նպատակ ունենալով աջակցել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացմանը ՀՀ-ի ամբողջ տարածքում։

 

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչները Սյունիքի մարզում են գտնվելու նաև փետրվարի 15-ին և 16-ին` նախնական հանդիպումներ իրականացնելու համար։ Հաշվի առնելով ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման հարցում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածության նշանակությունը և կարևորությունը, մինչև Սյունիքի մարզում իրանականացվելիք միջոցառումը, փետրվարի 15-16-ին «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչները նպատակ ունեն հանդիպելու Սյունիքի մարզպետի՝ պարոն Վահե Հակոբյանի և խորհրդակաների հետ։

Ամսի 26-27-ին Սյունիքում անցկացվելիք միջոցառմանը ներգրավված են լինելու ինչպես հայ մասնագետներ, այնպես էլ միջազգային փորձագետներ՝ Մավիկ Կաբրերա-Բալեզան և ներկայացուցիչներ «Կին խաղաղաշինարարների համաշխարհային ցանցից», որը Նյու Յորքում գտնվող ավելի քան 30 երկրներ ներկայացնող կազմակերպություններից բաղկացած կոալիցիա է։ Բոլոր փորձագետները մասնագիտացված են կոնֆլիկտների հաղթահարման և խաղաղաշինություն գործընթացներում:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն բարձր է գնահատում ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումը ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացման գործում և խնդրում է տարածել վերոնշյալ տեղեկատվությունը Սյունիքում կայանալիք այս կարևորագույն միջոցառման մասին:

 

Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություն է, որը 2001 թվականից իրականացնում է ծրագրեր` ուղղված հատկապես մարզերի երիտասարդ կանանց շահերի պաշտպանությանը, նրանց իրազեկվածության բարձրացմանը, հասարակական ակտիվության խթանմանը, լիդերի հմտությունների զարգացմանը, ինչպես նաև կին իրավապաշտպանների ինստիտուտի կայացմանը: