Main content

imagesՍիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 27- ամյակի կապակցությամբ:


Հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում պայքարի ու մաքառման  շնորհիվ է հայ մնացել, երկիր կառուցել ու պետականություն հաստատել:
Սեպտեմբերի 21-ն ըստ էության մեր միասնականության հաղթանակի օրն է,  մեր երկրի կայացման ճանապարհին ընկած քաջորդիների մեծարման օրն է, մեր սերունդների հետագա ճակատագրի վճռման, մեր դարավոր երազանքի իրականացման, սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու իրավունքի ձեռքբերման օրհնյալ օրն է:
Անկախությունը  հեշտությամբ ձեռք չի բերվել,  մեր նորագույն պատմության առաջին էջերը լցվեցին պատերազմի,  ցուրտ ու մութ օրերի մասին հիշողություններով, սոցիալական բազում դժվարություններով ու գալիք բարեկեցիկ օրերի երազանքներով: Այդ օրերին փոխարինելու եկան մեր անկախ հանրապետության կայացման ոչ պակաս դժվարին, վերելքներով ու վայրէջքներով լեցուն տարիները:
Սիրելի՛ հայրենակիցներ, անկախությունը մեր հարատևության միակ երաշխիքն է, մեր հպարտության ու ինքնավստահության սկզբնաղբյուրը,  ուստի մաղթում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը, լիարժեք գիտակցելով անկախության խորհուրդը, պատասխանատվություն կրի այն պահպանելու, ամրապնդելու ու գալիք սերունդներին ժառանգելու համար, ամեն ինչից վեր դասի իր երկիրը շենացնելու առաքելությունը: Թող որ ամեն մի հայ իր ապագան ու տունը կառուցի հայրենի հողում, թող որ գալիք սերունդները պատերազմ չտեսնեն, առիթ չունենան պայքար մղել անկախության ու ազատ ապրելու համար: Թող որ լինենք միասնական, հանդուրժող ու հաստատակամ:
Շնորհավո՛ր տոնդ, Ազատ, Անկախ Հայաստան:

Add comment