- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հուլիսի 24-ին, <Ուրախ ամառ-2019> ծրագրի շրջանակներում, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում կայացավ սիսիանցի երիտասարդ նկարչուհի Ժաննա Հովակիմյանի աշխատանքների անհատական առաջին ցուցահանդեսը:
Ժաննան 19 տարեկան է, սովորել է Սիսիանի Զ. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցում, որտեղ ստացած գիտելիքներն այժմ փորձում է խորացնել հագուստի մոդելավորման նուրբ արվեստում: Երևանի <Հայբուսակ> համալսարանի Ռոսլինի անվան դիզայնի և հագուստի մոդելավորման ֆակուլտետի հագուստի մոդելավորում բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Ժաննայի աշխատանքներն արտահայտում են նրա ազատ մտածողությունն ու հարուստ ներաշխարհը:
Հագուստների ինքնատիպ մոդելներ, գեղանկարներ, անթերի դիմանկարներ, բազմաժանր էր ցուցադրության ներկայացված աշխատանքները: Հագուստների մոդելների ստեղծման համար Ժաննայի ներշնչանքի աղբյուրը բնությունն ու իրեն շրջապատող առարկաներն են, նկարներից պարզ է՝ նրան հոգեհարազատ են ընդգծված եզրերով հագուստները:
Նկարչուհու գեղանկարները հարուստ են խիտ գույներով, գերակշռում են կանաչն ու կարմիրը: Իսկ դիմանկարներում վառ արտահայտված են խոսուն աչքերն ու ավելի քան խոսուն հայացքը:
Ցուցահանդեսի կայացման համար Ժաննան շնորհակալություն հայտնեց Սիսիանի համայնքապետարանին՝ երիտասարդների կողքին լինելու, նրանց գնահատելու և աջակցելու համար: Չմոռացավ շնորհակալություն հայտնել նաև գեղարվեստի դպրոցի իր ուսուցիչներին, ցուցահանդեսի կազմակերպիչներին և ներկաներին:
Համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը ի պատասխան Ժաննայի խոսքի ասաց, որ Սիսիանի համայնքի տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու նրանց կողքին գտնվելը համայնքապետարանի և անձամբ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գործունեության կարևորագույն խնդիներից են: Ցուցահանդեսին ելույթ ունեցավ նաև <Որոտնա> ազգային երգ ու պարի խումբը, որը ևս իր առաջին քայլերը կատարում է համայնքապետարանի աջակցությամբ և <Ուրախ ամառ-2019> ծրագրի շրջանակներում:
Ժաննայի համար օրն իսկապես անմոռանալի էր, նրա կողքին էին ընտանիքը, հարազատները, ուսուցիչներն ու արվեստասեր մարդիկ, ովքեր տարիներ հետո գուցե հպարտանան, որ ներկա են գտնվել իրենց համաքաղաքացի տաղանդաշատ մոդելավորող-նկարչուհի Ժաննա Հովակիմյանի առաջին ցուցահանդեսին:
Add comment
1