Main content

Նորություններ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Զբաղվածության պետական գործակալության>>  նախաձեռնությամբ  առաջին անգամ Սիսիանում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ: Այն իրականացրել էին Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնը Վորլդ Վիժն կազմակերպության հետ համատեղ:

Հանրապետությունում մեկնարկել է ֆուտբոլի մինչև 15 տարեկանների 2017-2018թթ. մանկապատանեկան առաջնությունը: Բ2 ենթախմբում հանդես են գալիս նաև <<Սիսիանի ֆուտբոլի դպրոց>> ՀՈԱԿ-ի սաները՝ դպրոցի տնօրեն Դավիթ Արզումանյանի և մարզիչ Ժորա Արզումանյանի գլխավորությամբ:
Սեպտեմբերի 23-ին Մասիս քաղաքում կայացավ Սիսիանի թիմի անդրանիկ խաղը. 3:1 հաշվով պատանի ֆուտբոլիստները պարտության մատնեցին <<Ալաշկերտ>> թիմին:

Այս տարի սեպտեմբերի 18-ին կլրանար Արցախյան հերոսամարտում զոհված, սիսիանցի տաղանդաշատ բանաստեղծ Աղվան Մինասյանի 47 ամյակը: Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ, հերոսի անունը կրող մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում կազմակերպվել էր հիշատակի հանդիսություն ի մեծարանք Աղվան Մինասյանի և բոլոր նրանց, ովքեր ընկան հանուն մեր երկրի անկախության, հանուն մեր ազատ կյանքի:

Սեպտեմբերի 22-ին ՌԱԿ ղեկավար մարմինների մի խումբ ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Հակոբ Ավետիքյանի, ՌԱԿ Գերագույն խորհրդի ատենապետ ընկեր Վարդան Նազիրյանի, ժամանեցին Սիսիան: Կուսակցականներին քաղաքի կենտրոնական հրապարակում դիմավորեցին Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, քաղաքի ավագանու անդամներ, դպրոցների բարձր դասարանների մի   խումբ  աշակերտներ: Հյուրերը  Սիսիանի տարածաշրջանի ՌԱԿ շրջանային վարչության ատենապետ ընկեր Լևոն Ավագյանի կողմից  առաջնորդվեցին ՌԱԿ գրասենյակ, որի հարևանությամբ էլ գտնվում է նորաբաց հրաձգարանը, որն այսուհետ ծառայելու է Սիսիան քաղաքի պատանիների և  աղջիկների ռազմական նախակրթությանը:

Օգոստոսի 31-ին, նոր ուսումնական տարվան ընդառաջ, Սիսիանի համայնքապետարանում հրավիրվել էր խորհրդակցություն: Համայնքային ենթակայության կառույցների տնօրենները հնարավորություն ունեցան ներկայացնելու կազմակերպություններում առկա խնդիրները: Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ցանկում էր նաև նախակրթարաններում խոհանոցային սպասքի համալրման անհրաժեշտության հարցը: Երկար ժամանակ չպահանջվեց, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ, համայնքային 4 նախակրթարանները համալրվեցին անհրաժեշտ սպասքով:

Սեպտեմբերի 20-ին Սիսիանի պետական քոլեջում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» կրթական ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմաբ, <<Save the children>>  կազմակերպության եւ «Մասնագիտական բարեփոխումներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ:  Ստեղծվել է մեղվաբուծական սոցիալական ձեռնարկություն, կազմակերպվել են դասընթացներ, ձեռք է բերվել 25 մեղվաընտանիք և մեղվաբուծության համար ամհրաժեշտ գույք:

Սեպտեմբերի 8-ին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում ցուցադրվեցին հայ դասական նկարիչների ստեղծագործությունները` նվիրված Վայոց Ձորի և Սյունիքի գեղատեսիլ բնությանն ու տեսարժան վայրերին: <Հայրենի եզերք> խորագիրը կրող ցուցահանդեսում ներառված էին մեծանուն նկարիչներ Հակոբ Հակոբյանի, Արտաշես Աբրահամյանի, Լուսիկ Ագուլեցու, Գրիգոր Ազիզյանի և այլոց աշխատանքները: Ցուցահանդեսը Սիսիան է բերվել  ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող <Մշակութային կանգառ> ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ սեպտեմբերի 20-ին Սիսիանում անցկացվեց մարզական փառատոն: Միջոցառման նախապատրաստման և անցկացման աշխատանքների համակարգողը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Փառատոնն անցկացվում է Հայաստանի 48 քաղաքներում և Ստեփանակերտում:
Փառատոնի շրջանակներում մարզադաշտում անցկացվեց 30 րոպե տևողությամբ մինի ֆուտբոլի խաղեր, մասսայական վազքարշավ:

S31700012008 թվականին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 4–ը հայտարարվեց հայ փրկարարի օր: Տոնի կապակցությամբ Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատին շնորհավորելու էր եկել համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Բարձր գնահատելով փրկարարի անձնվեր աշխատանքը՝ համայնքի ղեկավարը արժևորեց նրանց դերը անվտանգ  և ապահով հասարակության ձևավորման գործում:
Կարևորագույն ու պատասխանատու աշխատանքը բարեխղճորեն կատարելու համար մի խումբ հրշեջ-փրկարարներ Սիսիանի համայնքապետարանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

26 տարի առաջ, այս օրը, ավելի քան երբևէ, մեր ժողովուրդը միասնական էր ու վճռական. կատարվեց մեր պապերի երազանքն, ու Հայաստանը հռչակվեց անկախ և ինքնիշխան պետություն:

Սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր, առիթը՝ Նորավան համայնքի նախակրթարանի բացումը:
Գրեթե 20 տարի առաջ փակված նախակրթարանի վերաբացումը իրական տոն էր գյուղի համար: Շուրջ 28 երեխաներ իրենց օրը այսուհետ կանցկացնեն գեղեցիկ կահավորված խմբասենյակներում, նրանց ժամանցն օգտավետ դարձնելու համար նախակրթարանում ստեղծվել են բոլոր պայմանները: