Նորություններ

Տոնական օրն անձրեւոտ է, ինչը սակայն չի խանգարում, որ Սիսիանում նախատեսված միջոցառումն ընթանա բնականոն հունով: Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ պարգեւներ ու զինվորական քայլերթ, նաեւ հարգանքի տուրք սիսիանցի զոհված ազատամարտիկների հիշատակին: Իսկ Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում կայացած ներկայացումը շատերին ստիպեց հուզվել ու վերհիշել բժվարին ու ծանր տարիները:

Մանրամասները՝ տեսանյութում

:

Վերջին տարիներին քաղաքային գրադարանների ֆոնդերը համալրվում են նոր գրքերով: Նվիրատվություններ են կատարում  անհատները և պետական կառույցները: Ազգային գրադարանի նվիրատվությամբ Սիսիանի քաղաքային գրադարանի ֆոնդը համալրվել է արժեքավոր բազմաթիվ նոր գրքերով, աուդիո եւ վիդեո սկավառակներով, գույքով, համակարգիչներով: Սիսիանում նախատեսում են առաջիկայում անցնել էլեկտրոնային սպասարկման:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սիսական գնդում նորակոչիկների հերթկան խումբը՝ թվով 44 հոգի, երդվեցին անձվիրաբար ծառայել հայրենիքին: Անցած մեկ ամսվա ընթացքում նորակոչիկները հասցրել են շատ բան իմանալ ծառայության մասին, հասցրել են նաեւ կարոտել տնեցիներին:
Առջեւում ծառայություն 24 ամիսներն են, որտեղ ծնողին փոխարինելու են հրամանատարները՝ բայց եւ ծնողական ջերմությամբ ու հոգատարությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ադրբեջանում տարիներ շարունակ հենվել են հայ մտավորականների եւ արհեստավորների վրա: Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հավուր պատշաճի ներկայանային պաշտոնական հանդիպումներին եւ հանրությանը: Որակյալ, ներկայանալի դերձակ էր պետք:  Եվ գտան Վոլոդյա Ծատուրյանին: Մինչեւ ջարդերը Վոլոդյա հայրիկը կոստյումներ է կարել այդ երկրի նախագահի՝ Ալիեւի համար: Հիմա ապրում եւ աշխատում է Սիսիանում: Հիշում է՝ 1988 թվականին Բաքվում ապրելն ու աշխատելն այլեւս ճակատագրական կարող էր լինել:

Մանրամասները՝ տեսանյությում:

 

«Վորլդ Վիժնը» Հայաստան եկավ 1988թ.-ին՝ աջակցելու աղետալի երկրաշարժից տուժած բնակչությանը՝ առաջին գրասենյակը հիմնելով հենց աղետի գոտում: Արդեն 10 տարի է՝ ծրագրեր է իրականացնում նաեւ Սյունիքի մարզում:
Կազմակերպության գործունեության 25-ամյակի առիթով Սիսիանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված միջոցառման ընթացքում կարեւորվեց «Վորլդ Վիժն»-ի առաքելությունը:
Սիսիանի եւ Գորիսի շահառու 24 համայնքների թիվը հաջորդ տարի 40-ի կհասնի:

Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում ցուցադրվող ֆիլմերը «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից Սյունիքի մարզում իրականացված աշխատանքների մասին են պատմում: Կազմակերպությունը, որ մարզում աջակցման, խրախուսման, բարելավման ծրագրեր է իրականացնում, նշում է Հայաստանում գործունեության 25-ամյակը:

«Այդ ընթացքում մենք հասել ենք բավականին հաջողությունների, որոնք ես համարում եմ մեր գործընկերների հաջողությունը»,- ասաց «Վորլդ Վիժն» կազմակերպության Սյունիքի մարզային զարգացման ղեկավար Էմմա Կաջոյանը՝ ընդգծելով, որ աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական ոլորտների ներկայացուցիչների հետ՝ հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդների եւ երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Պարբերական աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 157 համայնքաբնակների, 20 համայնքային դպրոցների եւ 18 մանկապարտեզների:
Տարածքային զարգացման ծրագրի շրջանակում տարաբնույթ դասընթացներ են կազմակերպվել՝ գյուղաբնակներին զինելով համապատասխան գիտելիքներով` եկամտաբեր գործունեություն իրականացնելու եւ շուկայում մրցունակ արտադրանք ստեղծելու համար:


«Առաջիկա տարիներին մենք կշարունակենք աշխատել 40 համայնքներում եւ մեր հիմնական նպատակից՝ երեխաների համար բարեկեցություն ապահովելուց բացի շեշտը կդնենք նաեւ երիտասարդների զարգացման հարցերի վրա»,- ընդգծեց Է. Կաջոյանը:
Ըստ ծրագրի ղեկավարի՝ կարեւոր է երիտասարդների ներգրավվածությունը համայնքի զարգացման գործում: Կրթության ոլորտում իրականացված ծրագրերի շրջանակում ուշադրություն է դարձվել նաեւ աշակերտական, ծնողական, դպրոցական խորհուրդների գործունեությանը: Արդյունքում՝ վերոնշյալ խորհուրդները մշակել եւ իրագործել են ավելի քան 200 ծրագրեր, մի շարք ակցիաներ եւ քարոզարշավներ: «Դրանք մեծ խանդավառություն են առաջացնում հատկապես դպրոցականների շրջանում»,- նշեց Լորի դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը:

Համայնքների զարգացումը դժվար կլինի առանց միջազգային եւ տեղական կազմակերպությունների, համայնքների խնդիրներով սրտացավ մարդկանց աջակցության՝ կարծիք է հայտնում Սիսիանի քաղաքապետը: «Այսօր «Վորլդ Վիժն՚»-ի ձեռքը շատ երկար է երկիր մոլորակի վրա: Ես կազմակերպությանը համարում եմ մեր շտապօգնությունը»,- նշեց Աղասի Հակոբջանյանը, ապա պատվոգրեր հանձնեց կազմակերպության մի շարք աշխատակիցների՝ Սիսիանի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Անցած 10 տարիների ընթացքում տարածքային զարգացման ծրագրի շրջանակում վերանորոգվել է 11 մանկապարտեզ, 26 դպրոց: 21 նախակրթարաններ ստացել են գույք եւ դիդակտիկ պարագաներ, 6 մանկապարտեզ ապահովվել է ջեռուցման համակարգով, կառուցվել են հանգստի գոտիներ, 21 խաղահրապարակներ:
«Այս տարիների ընթացքում մենք զգալի աջակցություն ենք ստացել «Վորլդ Վիժն»-ից: Մեր պայմաններն էապես փոխվել են՝ խաղահրապարակ՝ խաղասարքերով, ջեռուցման լոկալ համակարգ…Եվ ես շնորհակալ եմ»,- ասաց N 2 մանկապարտեզի տնօրեն Զվարթ Հովսեփյանը:

Կազմակերպության ուշադրության կենտրոնում են եղել հատուկ կարիք ունեցող եւ դժվար իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաները: Միայն վերջին 2 տարիների ընթացքում 19 երեխա հատուկ հաստատությունից վերադարձել է ընտանիք:
Ամեն տարի 350-400 երեխա ամառային արձակուրդներն անցկացնում է «Վորլդ Վիժն»-ի ամառային քրիստոնեական ճամբարում:

Առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ առողջապահության ոլորտին: Աջակցություն է ցուցաբերվել բուժաշխատողներին: 15 համայնքային բուժկետերում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, տրամադրվել են բժշկական գործիքներ, սարքավորումներ: «Առողջություն ընտանիքների համար» ծրագրի շրջանակում կազմակերպվել են դասընթացներ 350 ծնողների եւ խնամողների համար: Հովանավորչական ծրագրի շրջանակում տարեկան հետազոտվել եւ ստացիոնար բուժում է ստացել 45 երեխա: 10 երեխայի ցուցաբերվել է թանկարժեք բուժօգնություն: 303 երեխա օգտվել է ատամնաբուժական ծառայություններից: Համայնքներում անցկացվել են նեղ մասնագիտական խորհրդատվություններ:

«Առողջապահությունն առաջ կարող է գնալ, եթե 3 շահագրգիռ կողմերը` բնակիչը, բուժծառայություն իրականացնողը եւ պետական պատվեր տվողը, միասին հավաքվեն եւ քննարկեն հիմնահարցերը. այս հնարավորությունը մեզ տվել է միայն «Վորլդ Վիժն»-ը»,- նշեց Դարբասի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Անուշ Ներսիսյանը:

Համայնքաբնակներին մասնակից դարձնել առկա խնդիրների լուծմանը. սա եւս կազմակերպության նպատակներից է: Անցկացվել են հանդիպումներ, ֆոկուս-խմբային քննարկումներ, կլոր սեղաններ, որոնց ընթացքում շոշափվել են համայնքների առջեւ ծառացած խնդիրները: Դրանց 60 տոկոսը ստացել են իրենց լուծումները համայնքային մակարդակով` աղբահանության կազմակերպում, փողոցների լուսավորության, բյուջեի թափանցիկության ապահովում, մշակութային կյանքի ակտիվացում, երիտասարդների դերի բարձրացում, խմելու եւ ոռոգման ջրագծերի վերանորոգում, համայնքային, ներհամայնքային ճանապարհների բարեկարգում եւ այլն: 12 գյուղում լուծվել է խմելու, 3-ումª ոռոգման ջրագծերի խնդիրը, վերանորոգվել եւ գույքով ապահովվել է 4 մշակույթի եւ 2 կենցաղի տուն: Նախատեսված է նմանատիպ եւս 20 ծրագիր իրականացնել: «Դեռեւս կան հիմնախնդիրներ, որոնք լուծում են պահանջում, այդ ցանկը շատ ավելի մեծ կարող էր լինել, եթե վերջին տարիներին մեր թիկունքում չունենայինք «Վորլդ Վիժն»-ի աջակցությունը»,- ասաց Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը:

Տարածքային զարգացման ծրագրի շրջանակում միավորվել են մի շարք հասարակական կազմակերպություններ եւ ստեղծվել է ՀԿ տարածաշրջանային ցանց, որում ընդգրկված են Սիսիանի եւ Գորիսի 17 կազմակերպություններ:

«Ցանցի գործունեության 3 տարիների ընթացքում իրականացվել է համայնքային զարգացման 9 ծրագիր»,- նշեց «Էկո Սիս» ՀԿ նախագահ Կամո Սաֆրազյանը:

Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Սիսիանի երաժշտական դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, արվեստի դպրոցի, «Գրանդ» պարային համույթի սաները եւ Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների խ

ՀՀ նախագահի 2013թ.-ի դեկտեմբերի 29-ի ՆՀ - 371 - Ա հրամանագրի համաձայն՝ գրականության եւ արվեստի բնագավառում՝ կերպարվեստի ոլորտում, սիսիանցի գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆՆ արժանացել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ մրցանակի «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար («Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճ):

 

 

Սիսիանցի օպերատորն արժանացել է «Օսկար» - ի...
Ներկայում Կալինինգրադի «Կասկադ» հեռուստատեսության աշխատակից օպերատոր ԷԴԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ արժանացել է «Օսկար»-ի՝ «Լավագույն ռեժիսոր եւ օպերատոր» անվանակարգում:
Էդիկն իր օպերատորական գործունեությունն սկսել է Սիսիանում՝ «Սիսիանը եւ մենք» հեռուստաստուդիայում: Դեռեւս 1999-2000թթ.. սուղ տեխնիկական պայմաններում Էդիկն աչքի էր ըկնում իր սուր օպերատորական աչքով ու պրպտուն մտքով:

 

 

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ուսումնական մասով փոխտնօրեն, Սիսիանի համայնքի ավագանու անդամ ՎԱՐԴԱՆ ԻՎԱՆՅԱՆԻՆ շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսության թեման էր «Դաշտային կերարտադրության տնտեսական արդյունավետության բարձրացման ուղիները (ՀՀ Սյունիքի մազի օրինակով)»: Հաձնաժողովը միաձայն է կայացրել վերոնշյալ որոշումը` ներկայացնելով այն ՀՀ բարձրագույն որակավորող հանձնաժողովի հաստատմանը:

Սիսիանի քաղաքապետի առաջարկով եւ համայնքի ավագանու հաստատմամբ՝ Սիսիանի N 4 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն է նշանակվել Հասմիկ Եդգարյանը:

Հասմիկ Ռազմիկի Եդգարյանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 7-ին Սիսիանում:
1976-86 թթ.. սովորել է Սիսիանի N 2 միջն. դպրոցում:
1986թ.-ին ընդունվել է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետ, որն ավարտել է 1991 թվականին:
Նույն տարում էլ աշխատանքի է ընդունվել Սիսիանի N 2 դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցչուհի:
1992-2001 թթ.. աշխարհագրություն է դասավանդել Սիսիանի N 1 դպրոցում :
2001- 2013 թթ.. ղեկավարել է  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային կենտրոնը: N 4 մանկապարտեզը ղեկավարում է 2014 թ.-ի հունվարի 8-ից:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Օրը մեկ բաժակ օղի, բարյացկամություն դիմացինի, հարազատի նկատմամբ. 97-ամյա Աղավնիկ Վարդանյանի երկարակեցության գաղտնիքն է: Դեռ փոքրուց աչքի է ընկել աշխատասիրությամբ, հիմա էլ պարապ նստել չի սիրում: Ամռանը այգում է աշխատում, ձմռանը ձեռքն է առնում իլիկն ու շյուղերը:

Մանրամասները՝ տեսանյութում: