Ցանկացած հիվանդության վաղ ախտորոշումը հետագա առողջ կյանքի երաշխիքն է։ Խոսքը նաև քաղցկեղի մասին է։ Կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղը ամենատարածվածն է և Հայաստանում կանանց մահացության հիմնական պատճառներից մեկն է։ Հայաստանում հիվանդացության և մահացության թվով մտահոգիչ է նաև արգանդի վզիկի քաղցկեղը։ Պատկերը հուսադրող չէ նաև Սիսիանի տարածաշրջանում։ 

 

Զարգացած երկրներում նշված հիվանդություններից մահացության տոկոսը բավականին ցածր է՝ նշում է Սյունիքի մարզի գլխավոր գինեկոլոգ Սուրեն Վարդանյանը։ Գաղտնիքը շատ պարզ է։ Մարդիկ պարբերապար հետազոտվում են, և քաղցկեղը կա′մ կանխարգելվում է, կա′մ վաղ փուլերում բուժվում։ Մեզ մոտ, որպես կանոն, բժշկի դիմում են այն ժամանակ, երբ արդեն չդիմել չեն կարող։

Արգանդի վզիկի քաղցկեղի վտանգը վաղ հայտնաբերելու նպատակով հնարավորություն է ստեղծվել կանանցից պապ քսուք վերցնել և տեղում լաբորատոր քննություն իրականացնել։ Սիսիանի բժշկական կենտրոնի լաբորատորիայի բժշկուհին համապատասխան դասընթաց է անցել։ Սիսիանի բժշկական կենտրոնում այժմ նաև կոլպոսկոպիկ հետազոտության հնարավորություն կա։ Այս ամենը՝ շնորհիվ ‘’World Vision’’ կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների և մայրության առողջության բարելավում» ծրագրի։

Պապ թեսթն ու անհրաժեշտության դեպքում կոլպոսկոպիկ հետազոտությունը լիարժեք հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերելու  և վերացնելու արգանդի վզիկի քաղցկեղի վտանգը՝ նշում է մանկաբարձ-գինեկոլոգ Վարդուշ Թևանյանը և կանանց հետազոտվելու կոչ անում։ Հիշեցնում է՝ հետազոտությունն անվճար է։

Մասնագետները միակարծիք են՝  քաղցկեղի վաղ հայտնաբերումը հավասարազոր է փրկության։ Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր կին և պահպանի ամենաթանկը՝ առողջությունը։