Հայաստանը դարձնել արժանապատվությամբ և հույսով ապրող երեխաների և երիտասարդների օրրան: Ահա այս առաքելությանը հավատարիմ մնալով՝ «Վորլդ Վիժն Հայաստանը» նախաձեռնել և իրականացնում է «Պերինատալ  և նորածնային խնամքի բարելավում» անվանումը կրող հերթական ծրագիրը, որի հիմնական նպատակը հղիների և նորածինների առողջապահական ծառայությունների բարելավումն է: Ծրագիրը իրականացվում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի  97 համայնքներում: «Մերնպատակն է համայնքներում բարձրացնել ապագա մայրիկների իրազեկության մակարդակը: Ծրագրի շրջանակներում Սիսիանի, Գորիսի և Կապանի ծննդատներին հատկացվել են առաջին անհրաժեշտության բուժսարքավորումներ»- տեղեկացնում է Սյունիքի մարզում Վորլդ Վիժնի առողջապահական ծրագրերի համակարգող, բժշկուհի Անիկ Գրիգորյանը:


«Պերինատալ և նորածնային խնամքի բարելավում» ծրագիրն իր նպատակին ծառայեցնելու համար, բացի համայնքներում իրականացվող դասընթացներից, որպես ինքնատիպ քարոզարշավ, կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ինչպիսին, օրինակ, Սիսիանի տարածաշրջանի մայրիկների և հղիների համար հուլիսի 15-ին կազմակերպված միջոցառումն էր:
Ամուր ընտանիք, ապագա մայրիկների սննդակարգ, հետ ծննդյան դեպրեսիաներ, կրծքով կերակրում, ահա այն հիմնական թեմաները, որոնց շուրջ խոսվեց և քննարկումներ անցկացվեց Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում կազմակերպված միջոցառման ընթացքում:  Ցուցադրվեց փոքրիկ ֆիլմաշար սիսիանցի նորաստեղծ մի ընտանիքի մասին. Ալիկ և Արևիկ  Հովհաննիսյանները պատմում էին, թե ինչ ուրախությամբ են սպասում իրենց առաջնեկին: Ելույթներով հանդես եկան նաև օրվա բժիշկ փորձագետները՝ հոգեբան Կարինե Նալչաջյանը, մանկաբույժ Կարինե Հարությունյանը, գինեկոլոգ Օվսաննա Մամիկոնյանը:
Ինչպիսի՞ն պետք է լինի հայ ընտանիքը, այս հարցի քննարկմամբ էլ սկսվեց միջոցառումը: Դահլիճում ներկա փորձառու և ապագա մայրիկները ներկայացրեցին հայկական ընտանիքի կառուցվածքի իրենց պատկերացումը՝ միասնական, համերաշխ, ավանդապաշտ: Իսկ ամուր և երջանիկ ընտանիք ունենալու համար՝ կարևորեցին սիրո, հարգանքի, փոխվստահության և, ինչու չէ նաև, ֆինանսական ապահովվածության առկայությունը: «Լիարժեք երջանիկ ընտանիք առանց բալիկի ոչ ոք չի պատկերացնում»-, նկատեց միջոցառման հաղորդավարուհի ՄերիՆերսիսյանը: Եվ իսկապես ընտանիքի բոլոր անդամների, հատկապես հայրիկի և մայրիկի կյանքը լիովին փոխվում է, երբ լույս աշխարհ է գալիս նրանց առաջնեկը:Դեռևս հղիության շրջանից բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվում ապագա մայրիկի կենցաղը, սննդացանկը:
Հղիների բալանսավորված և գրագետ սնվելու ոսկե կանոնները ներկայացրեց գինեկոլոգ Օվսաննա Մամիկոնյանը: «Առողջլինելու  և առողջ բալիկ լույս աշխարհ բերելու համար սնվեք գրագետ, էկոլոգիապես մաքուր, նիտրատներից զուրկ սնունդով»,-բժշկուհու խորհուրդն էր ապագա մայրիկներին:
Ինտերակտիվ խաղերի արդյունքում պարզ դարձավ, որ սիսիանցի ապագա մայրիկները, իրենց հղիությանը հետևող բժիշկների շնորհիվ, բավականաչափ տեղեկացված են:
Բուռն քննարկաման թեմա դարձավ նորածինների խնամքի և երեխաների դաստիարակության գործում հայրիկների ներգրավվածության հարցը: Մայրիկները, բժիշկները և հոգեբանը միակարծիք էին, թե հղիության և թե հետծննդյան շրջանում, կինը միշտ զգում  է  կողակցի հոգատարության և օգնության կարիքը:
«Մայրիկների և նորածինների առողջության գրավականներից գլխավորը, թերևս, կրծքով սնուցումն է-, իր ելույթում ասաց մանկաբույժ Կարինե Հարությունյանը և հպարտորեն հավելեց,-1996թ.-ից մինչ այսօր մեր տարածաշրջանում կրծքով սնուցման մակարդակը 26 %-ից հասել է մինչև 95%-ի»:  Ներկայացնելով կրծքով սնուցման առավելությունները և կարևորությունը՝  բժշկուհին խորհուրդ տվեց ապագա մայրիկներին 6 ամիս բացառապես, իսկ առավելագույնը  2 տարի փոքրիկներին կերակրել կրծքով: Մայրիկների և բալիկների համար ֆիզիկական առողջությունից ոչ պակաս կարևոր է նաև հոգեկան առողջությունը: Այս համոզմանն էր բժիշկ հոգեբան Կարինե Նալչաջյանը, ով իր ելույթում անդրադարձավ հետծննդյան դեպրեսիաներին, երեխաների հոգեկան առողջությանը վերաբերվող խնդիրներին. «Երեխաների նևրոզները, հոգեկան խնդիրները, այդ թվում և շատ մեծ տարածում գտած աուտիզմը բխում են ընտանեկան կյանքի խեղաթյուրումներից: Ընտանիքում հոգեբանական ճիշտ և գրագետ մթնոլորտը երեխաների հոգեկան առողջության գրավականն են»,-նշեց Կարինե Նալչաջյանը, ապա ներկաներին մաղթեց՝ ապրել լիարժեք և սիրով շրջապատված ընտանիքներում, հորդորեց, որպեսզի ընտանիքում յուրաքանչյուր անդամ ունենա իր ուրույն դերակատարությունը. «Ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա սեր,- հավելեց նա,- ապացուցված է, որ հետծննդյան դեպրեսիաները ևս շատ արագ են հաղթահարվում, եթե մայրիկը շրջապատված է հոգատարությամբ, ջերմությամբ և սիրով»:

Օրը մայրիկների համար լեցուն էր անակնկալներով. Միջոցառման ընթացքում հարց ու պատասխաններին,  քննարկումներին և խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մայրիկները ստացան խրախուսական նվերներ: Հուշանվերներով տուն վերադարձան նաև դահլիճում ներկա բազմազավակ մայրիկները և միջոցառմանը ներկա միակ հայրիկը: