Բինտեր, ստերիլ վիրակապներ, հեմոստատիկ սպունգներ, վիրահատական միջամտության և առաջին բուժօգնության համար անհրաժեշտ այլ պարագաներ, սրանք այն իրերն են, որոնք Սիսիանի բժշկական կենտրոնին նվիրաբերել են Շվեդիայի հայ համայնքի բարերարները: Օգոստոսի 2-ին Սիսիանի բժշկական կենտրոնը հյուրընկալեց Հայաստանի շտապօգնության հանձնախմբի ատենապետ Լորանս Շարոյանին, ով Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին և գլխավոր բժիշկ Անուշ Ներսիսյանին ներկայացրեց  բերված իրերը :


Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ողջունելով Շվեդիայում բնակվող բարերարների հայրենանվեր քայլը, նշեց, որ Սիսիանի բժշկական կենտրոնը իսկապես լուրջ աջակցության կարիք ունի՝ ամենափոքր պարագաներից մինչև արդի, կարևորագույն սարքավորումներ:
-Կարծես թե հաջողության անիվը թեքվել է դեպի մեզ,- ասում է գլխավոր բժիշկ Անուշ Ներսիսյանը և հույս հայտնում, որ Շվեդիայի հայ համայնքի միջոցով բժշկական կենտրոնում առավել լուրջ խնդիրներ լուծում կստանան:
Սիսիանի բժշկական կենտրոնում, Անուշ Ներսիսյանի հավաստմամբ, վերջին 20 տարիների ընթացքում սարքավորումների վերազինում չի կատարվել, ախտորոշիչ սարքերը հին են, որոշները՝ վաղուց արդեն անսարք վիճակում:  Ճշգրիտ բուժմանը նախորդում է ճշգրիտ ախտորոշումը, ասում է բժշկուհին, ուստի  խիստ անհրաժեշտ է ձեռք բերել նոր թվային  ռենտգեն սարք, կյանքի ու մահվան հետ կռիվ տվող հիվանդին այս ու այն կողմ չտանելու համար հարկ է, որ հիվանդանոցն ունենա շարժական սոնոգրաֆիկ սարք : Ժամանակին համընթաց քայլելու համար բժշկական կենտրոնին անհրաժեշտ սարքերի ցանկը մեծ է, դրանում համոզվեց նաև Լորանս Շարոյանը, ով համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և բուժաշխատողների ուղեկցությամբ շրջեց և ծանոթացավ կենտրոնի պայմաններին:
Մնում է հուսալ, որ ժամանակի ընթացքում, այս և նման համագործակցությունների արդյունքում,  Սիսիանն էլ կունենա ժամանակակից բժշկական կենտրոն՝ վերազինված նորագույն սարքավորումներով: