Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր Սիսիանի բժշկական կենտրոն՝ հանդիպելու բուժհաստատության անձնակազմի հետ, քննարկելու քաղաքացիական հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի միավորմանն առնչվող հարցերը:

Քննարկմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ավագանու անդամներ, N զորամիավորման հրամանատար Վալերի Քոչարյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, ՀՀ Ան փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Սյունիքի մարզի և ՊՆ բուժվարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ակտիվ երիտասարդների նախաձեռնող խումբը: Նախարարի հետ հանդիպման ժամանակ անպատասխան մնացած շատ հարցեր գտան իրենց հստակ պատասխանները: Նախքան որևէ կարծիք կամ դիրքորոշում հայտնելը՝ Դավիթ Տոնոյանը նախընտրեց լսել ներկաներին: Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Ներսիսյանը ներկայացրեց կենտրոնի առավելությունները, մատուցվող ծառայությունները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք ի դեպ քիչ չեն: Բժշկական կենտրոնը ունի մասնագետների կարիք, շենքը երկար տարիներ է չի հիմնանորոգվել, չի վերազինվել ժամանակակից սարքավորումներով և այլն: Ստեղծված իրավիճակի շուրջ արտահայտվեց նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանը. <Մինչ օրս և հետայսու հոսպիտալը պատրաստակամորեն աջակցել է Սիսիանի բժշկական կենտրոնին, հարկ եղած դեպքում մեր մասնագետները նաև այստեղ են ծառայություններ մատուցել: Ըստ նախնական մշակված ծրագրի ոչ թե հիվանադանոցը փակվելու էր, այլ լուծարվելու էր բժշկական կենտրոն ՓԲԸ-ն, շատ բաժանմունքներ, այդ թվում՝դիահերձարանը պետք է մնային տեղում, սակայն տեղական լրատվամիջոցների և բուժանձնակազմի տարածած ապատեղեկատվության պատճառով ստեղծվեց այն կարծիքը, թե հիվանդանոցը փակվում է, տեղափոխվում է հոսպիտալ և այլն: Կոչ եմ անում խոսել ըստ էության և նման խոսակցություններով քաղաքացիների շրջանում արհեստական ընդվզում չառաջացնել>,-ասաց Կարեն Գրիգորյանը: Ապատեղեկատվության տարածման մասին խոսեց նաև ՊՆ նախարարը.<Խոսքը ոչ թե հիվանդանոցի փակման, այլ մեկ կետից կառավարման, ֆինանսական և կազմակերպչական խնդիրների միասնական լուծման մասին է>,-նշեց Դավիթ Տոնոյանը:
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ իր համար ամենակարևորը համայնքի բնակչի որոկյալ բուժսպասարկում ստանալն է՝ անկախ նրանից, թե բուժհիմնարկը որ նախարարության ենթակայությամբ կգործի, լուծարմանը ի սկզբանե դեմ է եղել: <Չստացվի այնպես, որ պաշտպանության նախարարությունը գումար աշխատելու խնդիր ունի և այս ամենը դրա համար է արվում, ամենևին, այս միավորումը հավելյալ բեռ է ՊՆ- ի համար>,- ասաց ՊՆ նախարարը: Փաստորեն, ստացվում է, որ օպտիմալացման ծրագիրը ենթադրում էր Սիսիանում առողջացնել բուժոլորտը: Այս պարագան հաշվի առնելով՝ հանդիպան ներկաները բաժանվեցի երկու խմբի, ոմանք ցանկություն հայտնեցին միավորվելու, իսկ ոմանք՝ կտրականապես դեմ էին: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը իր խոսքում նշեց, որ հիվանդանոցում ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, այլ նաև՝ կառուցվածքային, և այն, որ սիսիանցին, ըստ վիճակագրական տվյալների, վաղուց կատարել է իր ընտրությունը, հոսպիտալում կատարված վիրահատությունների թիվը զգալիորեն մեծ է:

Սյունիքի մարզպետն իր խոսքում նշեց, որ խնդրի շուրջ խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով այն կարծիքին է, որ հարցը պետք է լուծվի օրենքին համապատասխան և ի շահ սիսիանցու: Ելնելով ներկաների տարակարծությունց՝ ՊՆ նախարարը չշտապեց վերջնական որոշում կայացնել, փոխարենը խնդրի լուծման մի քանի տարբերակներ առաջարկեց: Ըստ առաջին տարբերակի երկու բուժհաստատությունները միավորվում են, գործում են ՊՆ կազմում, համալրվում են որակյալ մասնագետներով, կրճատումներ և ենթակառուցվածքներում փոփոխություններ չեն լինում, ծրագիրը իրականացվում է պիլոտային տարբերակով՝ հասկանալու՝ արդյունավետ է, թե՝ ոչ: Ըստ երկրորդ տարբերակի՝ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է կառավարության որոշման նախագիծ՝ չեղարկելու միավորումը, այս դեպքում տարածաշրջանն ունենում է երկու բուժհաստատություն՝ հավասար իրավունքներով, քանի որ հոսպիտալում բնակիչները այսուհետ կկարողանան օգտվել սոցփաթեթից և բուժվել պետպատվերի շրջանակներում: Դավիթ Տոնոյանը առաջարկեց նաև երրորդ՝ <ոչ՝ ինձ, ոչ՝ քեզ> տարբերակը, բժշկական կենտրոն ՓԲԸ-ն չի լուծարվում և տնօրինությունը հնարավորություն է ունենում որոշելու, թե որ ոլորտներն են մնում ՓԲԸ-ի կազմում, որոնք՝ միավորվում հոսպիտալին: Նախարարը հանձնարարեց որոշումն իրեն ներկայացնել երկշաբաթյա ժամկետում, քանի որ այսպես կիսատ-պռատ աշխատել երկար հնարավոր չէ:
Դավիթ Տոնոյանը եղավ նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, ծանոթացավ շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին և տեխնիկական հագեցվածությանը:
Սպասենք ևս երկու շաբաթ, հուսալով որ հարցն իսկապես կլուծվի միայն ու միայն ի շահ սիսիանցու:
լուսանկարները վերցված են www.mil.am կայքից

Add comment