Արդեն մի քանի ամիս է Սիսիան քաղաքում գործում է <Միքաելյան բարեգործական> հասարակական կազմակերպությունը, որի շնորհիվ հակաքաղցկեղային <էսկոզին> դեղանյութը հասանելի է դարձել ինչպես Սիսիանի համայնքի, այնպես էլ Սյունիքի մարզի սոցիալապես առավել խոցելի խմբերի համար:
Դեղանյութը բնական արտադրանք է՝ պատրաստված կարիբյան կապույտ կարիճի թույնի շիճուկից: Այն հայտնաբերել է ծնունդով սիսիանցի, բիոնեյրոհոգեբան, բժշկական գիտությունների դոկտոր, ամերիկաբնակ պրոֆեսոր Արթուր Միքաելյանը, ով նաև դեղանյութը արտադրող հայտնի Medolife բժշկական ընկերության հիմնադիրն է:
Էսկոզինը հաջողությամբ կիրառվում է ավելի քան 10 երկրներում՝ ԱՄՆ, Անգլիա, Դոմինիկյան Հանրապետություն, Վիետնամ, Կորեա, Չինաստան, ՌԴ և այլն:
Դեղանյութը, ի տարբերություն շատ դեղամիջոցների, ազդում է բոլոր տեսակի քաղցկեղային բջիջների վրա: Այն կարելի է համակցել քիմիաթերապիայի և բուժման այլ մեթոդների հետ` առավել զգալի արդյունք ստանալու նպատակով: Էսկոզինը, կիրառելով քիմիաթերապիային զուգահեռ, առաջացնում է սիներիզմ, այսինքն՝ նպաստում է քիմիաթերապիայի արդյունավետության բարձրացմանը: Դեղանյութը նաև առաջացնում է ուռուցքի ստաբիլիզացիա, կանխում արագ զարգացումը, ունի հակացավային ազդեցություն, նպաստում է հիվանդի ինքնազգացողության որոշակի բարելավմանը, չունի կողմնակի ազդեցություններ:
Հունվարի 19-ին <Միքաելյան բարեգործական> ՀԿ գրասենյակում շահառուներին անվճար տրամադրվեց Էսկոզինի առաջին խմբաքանակը: Սրվակները հանձնեց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Պարգև Զեյնալյանը: <Ցանկացած հիվանդության պարագայում լավագույն դեղամիջոցը դիմացինի ուշադրությունը, կարեկցանքն ու հոգատարությունն է: Ձեր կյանքի այս դժվարին փուլում ձեր կողքին է Միքաելյանների ընտանիքը, հույս ունեմ, որ նրանց բարեգործության և աջակցության շնորհիվ կբարելավվի ձեր կյանքի որակը և դուք շուտափույթ կապաքինվեք>,-ներկաների հետ զրույցում ասաց Տեր -Պարգև Զեյնալյանը:
ՀԿ նախագահ Տիգրան Միքաելյանը այցելեց և դեղանյութը հանձնեց այն հիվանդներին, ովքեր ի վիճակի չէին այցելել գրասենյակ: Բառերով փոքր-ինչ դժվար է նկարագրել, թե ինչպես է դեղի մի փոքրիկ սրվակը մեծ հույս արթնացնում քաղցկեղի դեմ պայքարող մարդու աչքերում:
<Միքաելյան բարեգործական> ՀԿ-ում այս ամիսների ընթացքում հաշվառվել են դեղանյութի կարիք ունեցող տասնյակ շահառուներ: Տվյալների գրանցման գործընթացի ավարտից հետո, ելնելով հիվանդության աստիճանից և բարդությունից, Սիսիանի ԲԿ ուռուցքաբան Նելլի Հարությունյանի և բժիշկ Արթուր Միքաելյանի համատեղ որոշմամբ հիվանդներին նշանակվել է դեղանյութի ընդունման չափաբաժինն ու կարգը:
Նախքան դեղանյութի տրամադրումը կնքվում է երկկողմանի պայմանագիր՝ նվիրատվության տրամադրման կարգի, կողմերի պարտավորությունների, պայմանագրի ժամկետի և այլ մանրամասների վերաբերյալ:
Հ.Գ. Մանրամասների համար կարող եք այցելել Սիսիանի Խանջյան 3/14 հասցեում գտնվող «Միքայելյան բարեգործական» ՀԿ գրասենյակ, կամ՝ զանգահարել 094-75-42-43 և 095-54-33-11 հեռախոսահամարներով: Տնօրեն՝ Տիգրան Միքաելյան, համակարգող՝ Սոնա Բաղդասարյան: