Main content

1

Այս փուլում քննարկվում է մարզպետարանների օպտիմալացման հարցը, շուտով նախագիծը կլինի:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: «Ավելի արդյունավետ կառավարում է լինելու: Կրճատվողների մասին թվեր չեմ կարող ասել, քանի որ դա կախված է մարզի բնակչության թվաքանակից, մարզպետարանի աշխատակիցների քանակից և նրանց գործառույթներից: Սրան զուգահեռ՝ չի բացառվում, որ հիմա մարզպետարանները կստանձնեն գործառույթներ, որոնք նախկինում չեն ունեցել: Միևնույն է՝ մարզպտարանների աշխատակիցների թիվը պետք է պակասի, և գործառույթներն ավելի հստակ դառնան»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ քննարկվելու է մարզպետների տեղակալների թվի հարցը: Այս պահին յուրաքանչյուր մարզպետ ունի երեք տեղակալ. «Դա այս պահին քննարկման նյութ է, որն ընթացքում հասանելի կդառնա»: Factor.am-ի հարցին՝ հատկապես ո՞ր մարզպետարանների աշխատակազմերն են ուռճացված, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Բոլորն էլ ուռճացված են: Չենք կարող նշել, որ մի մարզում ավելի ուռճացված է, իսկ մյուսներում՝ ավելի պակաս: Խնդիրը միայն արհեստական աշխատակազմը չէ: Այն աշխատանքը, որը կարող են անել 2-3 հոգով, անում են 5-6 հոգով: Մենք հիմա յուրաքանչյուր օղակ ուսումնասիրում ենք, խնդիրները տեսնում ենք: Համագործակցում ենք նաև միջազգային կառույցների հետ, որպեսզի օպտիմալացումը լինի ճիշտ ու նպատակային»: Սուրեն Պապիկյանը, միաժամանակ, բացառեց մարզպետարանների միավորման տարբերակը: Այս պահին շրջանառվում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ 17 նախարարությունները դառնում են 12: Կրճատվում է նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետևյալ նախարարությունները՝
1.աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2.առողջապահության նախարարություն
3.արդարադատության նախարարություն
4.արտակարգ իրավիճակների նախարարություն
5.արտաքին գործերի նախարարություն
6.բնապահպանության նախարարություն
7. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
8.պաշտպանության նախարարություն
9.տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
10.բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն
11.տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն
12.ֆինանսների նախարարություն:
Փաստորեն, նախագծի համաձայն, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը. այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն: Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվելու է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն: Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում: Կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերջնական նախագիծը մի քանի օրից կքննարկվի ԱԺ-ում:


factor.am


© factor.am

Add comment


1