Main content

52020604 791475614566292 4833713098663657472 n

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» «Տրանշ 4»-ի (Սիսիան-Քաջարան հատված) վերաբերյալ իրազեկման հանդիպում, որի ընթացքում մանրամասնորեն ներկայացվեց այս ճանապարհահատվածի՝ արդեն ավարտուն տեսք ունեցող նախագիծը:
Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ազդակիր համայնքների եւ մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները, բնակավայրերի, ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչներ: 
Նախագիծը ներկայացրեցին եւ հանդիպման մասնակիցների հարցերին պատասխանեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ու «Ճաննախագիծ» ինստիտուտի փորձագետները: 
Ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածը կսկսվի Իշխանասարի խաչմերուկից եւ կհասնի Գեղի: Այն 60 կմ է, եւ եթե ներկա տարբերակով ավտոմեքենաներն այս նույն տարածքն անցնում են 120 կմ-անոց ճանապարհով՝ մոտ 2,5 ժամում, նորով հնարավոր կլինի երթեւեկության համար ծախսել մոտ 45 րոպե՝ շրջանցելով Կապան-Գորիս ճանապարհի բարդ հատվածները: 
Նախագծով ճանապարհը կունենա 9 թունել, 27 կամուրջ, երթեւեկելի մասի լայնությունը կլինի 16,5 մ, որից 11,10 մ՝ ասֆալտապատ: 
Դեռեւս լուծված չէ շինարարության համար ֆինանսական աղբյուրներ գտնելու հարցը. այս պահին ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում ներդրումով հետաքրքրված 2՝ իտալական եւ չինական ընկերությունների հետ: Ինչեւէ, լավատեսական արդյունքի՝ ֆինանսավորման լրիվ ծավալը ապահովելու դեպքում, այս բարդ ճանապարհաշինության համար 5-6 տարի կպահանջվի: 
Մինչ երեկվա իրազեկման հանդիպումը՝ նախագծողները հանրային քննարկումներ էին անցկացրել ազդակիր համայնքներում, եւ տեղերում հնչած առաջարկները եւս տեղ էին գտել վերջնական նախագծում: 
Մարզպետ Հունան Պողոսյանը մի շարք նկատառումներ ներկայացրեց մասնագետներին՝ մասնավորապես կարեւորելով մեծ թվով կամուրջների անվտանգության եւ սպասարկման խնդիրը, նաեւ հետաքրքրվելով ճանապարհաշինության մեջ ընդգրկվելիք հողերի օտարման եւ փոխհատուցումների հարցով:
syunik.mtad.am


Զանգեզուր TV

Add comment


1