Հասարակություն

Երիտասարդության միջազգային օրը՝ Օգոստոսի 12-ը,  այս տարի էլ Սիսիանում կնշվի հանդիսավորությամբ. այդ մասին հայտարարեց Սիսիանի համայնքապետարանի կազմակերպական բաժնի պետ Սլավիկ Դադաշյանը երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Քաղաքապետարանը նախատեսում է ողջ օրը հագեցնել մշակութային, սպորտային, ժամանցային միջոցառումներով և եզրափակել համերգ-դիսկոտեկով ու հրավառությամբ:

  Սիսիանի N2 հիմնական դպրոցի դասվար Խոնարհ Գրիգորյանն արժանացել է պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» հուշամեդալի: Պարգևատրումը տեղի է ունեցել  հունիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում «Հայոց արծիվներ» կազմակերպության 9-րդ համագումարի ընթացքում:

  Հիմնադրման օրվանից՝ արդեն 10 տարի, Խոնարհ Գրիգորյանը «Հայոց արծիվներ»-ի՝ Սիսիանի N2 հիմնական դպրոցում գործող մասնաճյուղի նախագահն է: Այդ ընթացքում նրա կողմից կազմակերպված ռազմահայրենաիրական միջոցառումների, զորամասերում անցկացված հանդիպումների, երեխաների մեջ հայրենասիրական գաղափարներ ներարկող այլ նախաձեռնությունների արդյունքում է, որ ուսուցչուհին արժանացավ  «Գարեգին Նժդեհ» հուշամեդալի:

Սիսիանի համայնքապետարանում այսօր կայացավ համայնքի ավագանու նիստ՝ 7 անդամների մասնակցությամբ: Քննարկվեց օրակարգային  4 հարց:

2016թ. բյուջեի երկրորդ եռամսյակի ընթացքը ներկայացրեց համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Գրետա Թունյանը:

Համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը դժգոհություն հայտնեց հողի հարկի հավաքագրման ընթացքից: Ավագանու կողմից առաջարկ եղավ առավել կոշտ քայլեր ձեռնարկել անպարտաճանաչ հողօգտագործողների նկատմամբ: Սիսիանում հողակտորներ կան, որոնց տեղը սեփականատերերը չգիտեն, սակայն դրանք մշակվում են որոշ անհատների կողմից և անվարձահատույց: Անհրաժեշտ է աշխատանք տանել, որ հողի մշակությամբ զբաղվողը, հետևաբար և եկամուտ ստացողը գոնե հողի հարկը մուծի:

Այսօր Սիսիանի պետական քոլեջում դիպլոմների հանձնման արարողություն էր: Կրթական այս հաստատությունը 2015-2016 ուսումնական տարում ավարտել են 56 շրջանավարտներ՝ ստանալով «էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», «Քույրական գործ», «Վարսավիրական արվեստ» կամ «Զարդային դիմահարդարում»  մասնագիտությունները:

16 շրջանավարտներ քոլեջում ուսանել են գերազանց առաջադիմությամբ: Վերջիններիս կարմիր դիպլոմներ հանձնեց և բոլոր շրջանավարտներին շնորհավորեց Սիսիանի համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը: «Վստահ եմ՝ ձեր գիտելիքները կյանքում կծառայեն իրենց նպատակին»,- նշեց նա:

Այսօր Համո Սահյանի անվան Սիսիանի մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ այս տարվա վերջին ավարտական հանդեսը՝ N 2 նախադպրոցական հաստատության ավարտական խմբի սաների մասնակցությամբ:

 Ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 1-ին, նույն բեմում N1 նախակրթարանի սաներն էին:

Իրենց մանկության մոլորակը սաները ներկայացրին երգ ու պարի, ոտանավորների միջոցով: Շնորհակալություններն ուղղված էին նախակրթարանների անձնակազմերին, դաստիարակներին:

Միջոցառմանը ներկա էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը:

Սիսիանում ամառային զորակոչը մեկնարկեց զինվորական նվագախմբի, ավանդական զուռնա-դհոլի նվագակցությամբ, ուրախ պարային տրամադրությամբ։

Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանը ձեռքսեղմումով բարի և խաղաղ ծառայություն մաղթեց յուրաքանչյուր նորակոչիկի։ Նրա խոսքով՝ զորակոչից խուսափողներ չեն եղել, հայոց բանակը համալրվում է մարտունակ ու հերոսանալու պատրաստ նոր տղաներով։ Վերջիններիս անփորձանք ծառայություն մաղթելու էր եկել նաև Սիսիանի համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը: «Քանի դեռ մարտունակ է հայոց բանակը, հայ ժողովուրդը հարատևելու է»,- նշեց նա:

Հունիսի 30-ին “World Vision” կազմակերպության նախաձեռնությամբ Սիսիանի Սիսակ Նահապետի  անվան հրապարակում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ: Նպատակն էր երիտասարդներին տեղեկատվություն տրամադրել տարածաշրջանում աշխատանքի տեղավորման հնարավորությունների մասին, ինչպես նաև խորհրդատվություն իրականացնել ռեզյումե գրելու, գործատուին ներկայանալու նրբությունների վերաբերյալ: Ներկա երիտասարդները հնարավորություն ունեին ծանոթանալու Սյունիքում, մասնավորապես` Սիսիանում մասնագիտական կրթության առաջարկներին:

«Համայնքների ֆինանսիստների միավորում»  հասարակական կազմակերպությունը  «Հանրային  մասնակցություն  տեղական  ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում Սիսիանում անցկացրեց եռօրյա դասընթաց, որին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ենթակայության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ քաղաքացիներ:

«Համայնքների ֆինանսիստների միավորում»  ՀԿ-ն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության վերաբերյալ ուսուցման սեմինարներ անցկացնում է ՀՀ 35 գործընկեր համայնքներում: Նպատակն է առավել գործուն դարձնել հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:

Այսօր Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ նախակրթարանին հրաժեշտ տվող սաների ավարտական հանդեսը: Մանուկների տոնական տրամադրությունն ու անկեղծությունը ներկաներին փոխանցվեց ուրախ երգ ու պարի, ոտանավորների ու բեմականացումների միջոցով:

Ուրախ գույներով ու նոտաներով լի կյանքի մի փուլ արդեն անցյալում է: Փոքրիկներին անփորձանք ճանապարհ և հաջողություններ մաղթեցին դաստիարակները, նախակրթարանի նորանշանակ տնօրեն Քրիստինա Հարությունյանը:

Մայիսի 29-ից հունիսի 15-ը «ԻՄԻՋ ԱՐՏ ՍՏՈՒԴԻՈ» պրոդյուսերական կենտրոնի կողմից Երևանում կազմակերպված «Մեղեդի» երգի հանրապետական առաջին մրցույթ-փառատոնին մասնակցել է նաև Սիսիանի երաժշտական դպրոցի վոկալի դասարանի սան Սուսաննա Հունանյանը: Կատարելով Լարա Ֆաբիանի ՛՛Broken Vow՛՛ երգը՝ Սուսաննան արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին:

 Փառատոնին մասնակցում էին 8-24 տարեկան կատարողները՝ 5 տարիքային խմբերում՝ ներկայանալով տարբեր ժանրերում՝ ակադեմիական, էստրադային, ջազային, աշուղական և գուսանական, ժողովրդական և ազգագրական:

   Հրաժեշտի հանդես Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի բեմում: Սիսիանի N3 նախակրթարանի ավագ խմբի 32 սաները երգ ու պարով, բանաստեղծություններով ու ջերմ մաղթանքներով հրաժեշտ տվեցին իրենց հարազատ դարձած նախակրթարանին և արդեն սեպտեմբերին վստահ քայլեով  մուտք կգործեն դպրոց:

 Երեխաների ցանկությունն է, որ հայոց երկնակամարը միշտ խաղաղ լինի, արևը պայծառ շողա և ժպիտ ու երջանկություն պարգևի բոլոր-բոլոր մանուկներին: 

Կապույտ թիթեռնիկներ հիշեցնող սաներին շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին դաստիարակները, նախակրթարանի տնօրեն Լիանա Գրիգորյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, փոքրիկներին մաղթեց մանկան անմեղ հրճվանքով ողողուն ճանապարհ: