Main content

IMG 8353<Մի՞թե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը և նախօրոք որոշված թուրքի բոլոր դժոխային գործողությունները կմնան անպատիժ: Ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել մարդկանց մասսայական սպանություններն ու խոշտանգումները, միևնույն է, նման չարագործության ճիչը երկինք կհասնի>:
Հենրի Մորգենթաու

Ապրիլի 24-ին Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում կազմակերվեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ: Հարյուրավոր սիսիանցիներ միացան անմեղ զոհերի հիշատակին նվիրված ավանդական երթին: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ կառուցված, հայոց անթեղված վիշտը խորհրդանշող, հուշակոթողը պատվեց ծաղիկներով: Երթի մասնակիցները կրում էին Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի կողմից պատրաստված մանուշակագույն կրծքանշանները՝ որպես հիշատակի խորհրդանիշ: «Ինչո՞ւ է ցավս մանուշակագույն» այսպես էր վերնագրվել Մեծ Եղեռնի հուշաքարի մոտ կազմակերպված միջոցառումը, որի ընթացքում հնչեցին հիշատակի և ոգեկոչման խոսքեր՝ շաղախված ցավով ու արդարության վերականգնման մեծ հույսով: Միջոցառմանը մասնկացում էր նաև Սիսիանի մանկական արվեստի դպրոցի պարի խումբը: 

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ եկեղեցու տարածքում և Սիսիան- Իշխանասար ճանապարհահատվածում հիշատակի ծառատունկ կազմակերպվեց: Տնկվեցին  դեկորատիվ ծառերի ավելի քան 800 տնկիներ /տուա, կատալպա, կանադական բարդի/: «Ծառատունկը նվիրվում է մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Այն խորհրդանշում է հայ ժողովրդի դարավոր պայքարն ու հարատևման ձգտումը: Տնկիների տրամադրման և ծառատունկին աջակցելու համար շնորհակալություն  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրինությանը»,-ասաց համայնքի ղեկավարը:
Կանցնեն տարիներ, կգան նոր սերունդներ, և հուսանք, որ նրանց համար արդեն մեծացած, սաղարթախիտ ծառերը կլինեն ոչ թե հիշատակի, այլ վերականգնված արդարության ու լուծված վրեժի ամրակուռ վկաներ:


Add comment


1