Main content

IMG 3323 копияՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսյան եռատոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,  Հայրենական Մեծ պատերազմի  և  Արցախյան ազատամարտի վետերաններ, շնորհավորում եմ Մայիսյան եռատոնի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման կապակցությամբ:

Բազմիցս օտար բռնակալների հարձակումներին դիմակայած և իր ինքնությունը հերոսաբար պահպանած հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի բռնկման հենց առաջին օրերից համախմբվել և իր զավակներին ռազմաճակատ է ճանապարհել: Անգնահատելի է նաև հայ ազգի բարձրաստիճան սպաների ներդրումը խորհրդային բանակի հաղթանակի կերտման գործում: Սիսիանի շրջանի գրեթե բոլոր գյուղերում վեր են խոյանում հուշակոթողներ, որտեղ հայրենականում զոհված տասնյակ քաջորդիների անուններ են անմահացած: Փա՛ռք նրանց հիշատակին, փա՛ռք նրանց սխրանքներին:
Մերօրյա հաղթանակների պանծալի էջերից է Շուշիի ազատագրումը: 1992 թվականի մայիսի 9-ին, բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց կիսավեր եկեղեցու գմբեթին ծածանելով հայոց եռագույնը,  մեկ անգամ ևս հաստատեցինք՝ հայը երբեք ծնկի չի գա թշնամու առջև, հայը համախմբվել ու հողը պաշտպանել գիտի: Այսօր էլ, խոնարհվելով բոլոր նահատակների հիշատակի առջև ու փառաբանելով մեր հաղթանակները, մենք նորից ու նորից ապացուցում ենք, որ գիտենք գնահատել, գիտենք արժևորել, գիտենք հիշել ու պահպանել այդ հաղթանակները: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ Արցախյան պատերազմում: Հաղթեցինք ու կազմավորվեց Արցախի պաշտպանության բանակը, ուր այսօր մեր զավակները ապահով և աներկյուղ անցնում են իրենց պարտադիր ժամկետային զինծառայությունը, ծառայում են պատվով՝ հերոսաբար պաշտպանելով և անառիկ դարձնելով հայրենիքի սահմանները:
Շնորհավո՛ր Մայիսյան եռատոն, թող պատմությունը բազմապատկի մեր հաղթանակներն ու հերոսական էջերը, թող նախնյաց փառքով  հարատև հպարտանան գալիք սերունդները: Խոնարհում հայրենի հողը արյամբ ազատագրած ու պաշտպանած հայորդիների հիշատակին»:

Add comment


1