Main content

Copy of IMG 1467Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի և Վերջին դասի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ շրջանավարտներ, ուսուցիչներ և ծնողներ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Վերջին զանգի և Վերջին դասի կապակցությամբ: Այս տոնական օրը հիանալի առիթ է ամփոփելու դպրոցական տարիների ձեռքբերումներն ու երախտիքի խոսքեր հղելու ուսուցիչներին՝ իրենց կատարած աշխատանքի, անձնվիրության և անգնահատելի ջանքերի համար: Նրանք մշտապես ձեր կողքին են եղել, խրատներով ու խորհուրդներով փորձել են ընդգծել յուրաքանչյուրիդ  անհատականությունը՝  զարգացնելով թաքնված  և ակնհայտ կարողությունները: Անկեղծորեն հպարտացել և ուրախացել են ձեր հաջողություններով:  Եվ նրանց աշխատանքի արդյունքն է, որ մեր համայքն այս տարի բարձր ցուցանիշներով աչքի ընկավ թե՛ օլիմպիադաներում և թե՛ տարատեսակ մրցույթներում: Վստահ եմ,  ուր էլ գնաք, ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, դպրոցում ստացած գիտելիքների ու ձեռքբերումների  շնորհիվ շարունակելու եք լավագույնս ներկայացնել Սիսիանի համայնքը: Ձեր սերունդը տարբերվում է առաջադեմ մտածողությամբ, նպատակասլացությամբ, ակտիվ ապրելակերպով,  հայրենիքի ապագայի հանդեպ ունեցած մեծ հոգատարությամբ ու  պատասխանատվության մեծ զգացումով: Այսօրվա ձեր կայացրած ճիշտ ընտրությունից է կախված մեր երկրի ապագան, ընտրեք հոգեհարազատ ու ձեր կարողություններին համապատասխան մասնագիտություն, վստահ քայլերով հաղթահարեք  կյանքի այս նոր փուլն ու ձեր ուսերին վերցրեք մեր երկրի, մեր համայնքի հետագա զարգացման պատասխանատվությունը:
Սիրելի՛ շրջանավարտներ,  այս տոնական օրվա յուրաքանչյուր ակնթարթը հավետ դաջվելու է ձեր հիշողություններում, երբեք չեք մոռանալու  ձեր ծնողների ուրախության արցունքներով լի աչքերը: Առիթն օգտագործեք և հայտնեք նրանց ձեր սերն ու անսահման երախտագիտությունը, խոստացեք, որ անպայման արդարացնելու եք նրանց հույսերն ու սպասումները:
Սիրելի՛ իններորդցիներ, սրտանց շնորհավորում եմ նաև ձեզ վերջին դասի և հիմնական դպրոցն ավարտելու կապակցությամբ: Վստահ քայլերով շարժվեք առաջ, ձգտեք կատարելության ու գերազանցեք ձեր ավագ ընկերներին:
Բոլորիդ մաղթում եմ ավարտական հիշարժան ու գունեղ տոն, երազանքների ու նպատակների իրականացում: Հիշե՛ք, ձեր բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները բոլորիս  հպարտությունն ու պարծանքն են:
Համոզված եմ, որ գիտության բարձունքները ձերն են լինելու, սիրելի՛ շրջանավարտներ:
Լավագույն մաղթանքներով՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյան»




Add comment


1