Main content

1Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ : Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ բուժաշխատողներ, ընդունեք իմ ջերմ բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:

Բժիշկ լինելը շատերի մանկության երազանքն է, սակայն այդ կոչմանն արժանանում են քչերը, նրանք, ովքեր խորությամբ ընկալում են, որ սա լոկ մասնագիտություն չէ, այլ անձնազոհություն և անսահման նվիրում պահանջող առաքելություն: Բուժաշխատողի աշխատանքային օրը սկիզբ և ավարտ չունի, թվում է, թե նրանք միշտ արթուն են, չեն հոգնում, չեն քնում, նրանք էլ օր ու գիշեր, սահմանապահի նման, մշտարթուն ծառայության մեջ են:

Երբ մասնագիտական բարձր կարողություններին գումարվում  է նաև բուժաշխատողի բարեհամբույր վերաբերմունքը, ուշադրությունն ու հոգատարությունը, հիվանդի համար նա դառնում է ամենահուսալի և ամենավստահելի մարդը: Ուստի մաղթում եմ, որպեսզի զինվեք համբերատարությամբ, թող որ ոչինչ չխանգարի ձեզ՝ կատարել ձեր դժվարին առաքելությունը՝ հիվանդների համար դառնալով ամենավստահելին և անփոխարինելին:

Սրտանց շնորհավորում եմ մեր համայնքում գործող բուժհաստատությունների աշխատակիցներին, մարդիկ, ովքեր երկար տարիներ, անտեսելով առկա խնդիրները, դժվարությունները,  սարքավորումների բացակությունն ու ոչ նպաստավոր պայմանները, կարողացել են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը՝ ջանք չխնայելով հնարավորինս բարձր մակարդակով սպասարկել մեր բնակիչներին:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ  նաև վետերան բժիշկներին ու բուժաշխատողներին, խոնարհվում եմ նրանց վաստակի ու երկարամյա անբասիր աշխատանքի առջև:

Թեպետ ռազմական բժիշկների մասնագիտական օրը նշվում է աշնանը, այնուամենայնիվ,  ուզում եմ նաև շնորհավորել նրանց, ում վստահված է մեր զինվորների, երկրի պաշտպանի կյանքն ու առողջությունը:

Հարգելի՛ բուժաշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, անսահման համբերատարություն և հոգու մեծ տոկունություն»:

 

Add comment


1