Main content

72966647 1422112351286787 4221154889994076160 oԴարբաս գյուղի սկզբնամասում՝ Ապրիլյան պատերազմում զոհված Սեդրակ Ասրյանի տան առջև, տեղադրվել է նրա հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր: Նախաձեռնությանն աջակցել են Սեդրակ Ասրյանի ընտանիքն ու համագյուղացիները, Դարբաս-Շամբ բնակավայրերի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը, ռուսաստանաբնակ Ստեփան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 25-ին կայացավ ցայտաղբյուրի բացման արարողությունը, ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, վարչական ղեկավարներ, ազատամարտիկի ընտանիքի անդամներն ու հարազատները: «Մարդը մահանում է այն ժամանակ, երբ նրան այլևս չեն հիշում: Մենք պարտավոր ենք հիշել մեր հերոսներին, հանուն հայրենիքի զոհված քաջորդիներին:Այս ցայտաղբյուրը կպատմի անցորդներին Սեդրակ Ասրյանի և նրա մարտական ընկերների մասին՝ հավերժացնելով նրանց սխրանքը»,-ասաց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Դարբասի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանի խոսքով՝ հայրենիքի համար արյուն թափած հերոսների հիշատակը հավերժացնելով՝ ավագ սերունդը հայրենասիրություն է սերմանում մատաղ սերնդի մեջ: Ներկաները, Դարբասի հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանի հետ միասին, աղոթք ուղղեցին առ Աստված՝ ի հանգստություն բոլոր զոհվածների հոգիների:
Սեդրակ Ասրյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 31-ին Սիսիանի Դարբաս գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա սովորել Սիսիանի պրոֆտեխուսումնարանում և Սիսիանի ավտոդպրոցում:
1994 թվականին վիրավորվել է Հորադիսի մարտական գործողությունների ժամանակ, երկրորդ կարգի հաշմանդամ էր:
1996 թվականին պարգևատրվել է 1992-94 թվականների Մարտական գործողությունների մասնակցի, 2006 թվականին՝ Մարտական ծառայությունների մեդալներով:
Սեդրակ Ասրյանն ամուսնացած էր, ունի 2 զավակ: Զոհվել է 2016-ի ապրիլի 4-ին՝ անօդաչու սարքի պայթյունից:

Add comment


1