Նոյեմբերի 13-ին կայացավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում հիմնված «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը:
Լաբորատորիան հիմնվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է 2016թ.-ի հոկտեմբերի 1-ից «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից, շվեյցարական գործընկերներ Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ և HEKS/EPER (Շվեյցարիայի օգնություն) կազմակերպության աջակցությամբ: Բացման միջոցառմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը իր ելույթում կարևորեց լաբորատորիայի առկայությունը՝ հատկապես որակյալ մասնագետներ պատրաստելու տեսանկյունից:
Լաբորատորիան հնարավորություն կընձեռի ուսանողներին համատեղել տեսական և գործնական գիտելիքները և ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան հմտություններ: