- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Յունիբանկ-ը հերթական նվերը մատուցեց Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրի միջնակարգ դպրոցին, մարզադահլիճը համալրվեց նոր մարզագույքով, իսկ ձյուդոյի խմբակի մարզումների համար տրամադրվեց տատամի, որի շնորհիվ պատանի մարզիկների պարապմունքները կդառնան ավելի հարմարվետ ու հաճելի:
Նվերները հանձնելու համար նոյեմբերի 30-ին դպրոց էին այցելել Յունիբանկ-ի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ում աջակցությամբ երկու տարի առաջ վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը: Յունիբանկ-ը, սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հատկապես դպրոցների աջակցությանն ուղղված բարեգործական ակցիաները: Այդ բոլոր ծրագրերը ուղղված են դպրոցներում ուսումնական որակի բարձրացմանը և երեխաների հնարավորությունների զարգացմանը: Ուղիղ մեկ տարի առաջ, Յունիբանկ-ի աջակցությամբ, Շաղատի դպրոցում համակարգչային դասասենյակ է բացվել: Եվ հենց այդ ժամանակ Մեսրոպ Հակոբյանը ծանոթացել էր նաև ձյուդոյի խմբակի գործունեությանը, նկատել էր՝ երեխաները տատամիի կարիք ունեն, խոստացել էր հարցը լուծել և ահա, մեկ տարի անց, նա նորից գյուղում է՝ դպրոցին հանձնելու խոստացված նվերները:
Ճապոնական ժամանակակից մարտարվեստը Շաղատում և հարակից գյուղերում մեծ ճանաչում է ստացել մարզիչ Արման Բաբայանի շնորհիվ, խմբակ են հաճախում Շաղատից և հարևան գյուղերից մոտ երեք տասնյակ երեխաներ, նրանց թվում նաև աղջիկներ:

Հյուրերի համար մարզիկները գեղեցիկ ցուցադրական ելույթներ էին պատրաստել, ամբողջ միջոցառման ժամանակ չէին կարողանում թաքցնել իրենց ուրախությունն ու հարմարավետ գորգի վրա հնարքները ցույց տալու մեծ հաճույքը:
Սիսիանի համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Յունիբանկ-ի ղեկավարությանը համագործակցության համար՝ կարևորելով այն, հատկապես, գյուղերում սպորտային կյանքի և երեխաների կրթության որակի բարձրացման տեսանկյունից, նա հույս հայտնեց, որ բանկի և համայնքի համագործակցությունը կլինի շարունակական:
Հյուրերը Սիսիան կժամանեն նաև հաջորդ տարվա մայիս ամսին, այս անգամ թիմով՝ նախատեսվող ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու նպատակով:

Add comment
1