Main content

IMG 0707Ապրիլի 14-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 11 անդամների մասնակցությամբ: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն գերատեսչություններին, կառույցներին, որոնց աշխատանքի շնորհիվ Սիսիանում իրականացվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող արդյունավետ աշխատանքներ, հետևողական կերպով կատարվել են արտակարգ դրության ժամանակ սահմանված բոլոր ցուցումները: Արթուր Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև բնակչությանը՝ տանը մնալու հորդորներին հետևելու համար և կոչ արեց շարունակել իրենց առօրյան կազմակերպել՝ ըստ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների:


Նիստի օրակարգում ընդգրկված էր 12 հարց: Ավագանուն ներկայացվեց համայնքի բյուջեի 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքը, եկամուտների և ծախսերի կատարողականները: Ավագանին համաձայնություն տվեց, ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով, Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող հետևյալ հինգ ծրագրային հայտերին՝

1) «Լուսավորության համակարգի ընդլայնում Աշոտավան, Բալաք, Անգեղակոթ, Շաղատ, Իշխանասար, Ախլաթյան, Թասիկ բնակավայրերում և Սիսիան քաղաքում», 

2) «Սիսիանի համայնքի Սայաթ-Նովա, Շահումյան, Ա.Մանուկյան փողոցները, Սյունիքի փողոցից Ույծ բնակավայր տանող ճանապարհահատվածի և Շաքի բնակավայրի կենտրոնական փողոցի հիմնանորոգում»,  

3) «Որոտնավան և Վաղատին բնակավայրերում նախադպրոցական կրթության ապահովում, Սիսիան համայնքի թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երի, Նորավան, Շամբ և Տոլորս բնակավայրերում գտնվող խմբերի վերանորոգում և գույքի արդիականացում», 

4) «Սիսիան քաղաքի Սիսական 31 հասցեի վարչական շենքի, Որոտնավան բնակավայրի վարչական շենքի տանիքի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և գեղարվեստի դպրոցի շենքերի տանիքների վերանորոգում, Սիսական 41 հասցեում գտնվող վարչական շենքի տանիքի և պատուհանների վերանորոգում»:  

5) «Սիսիան քաղաքի Սիսական 13, Ն.Ադոնցի 6, Սիսական 34, Չարենցի 2, Չարենցի 4, Չարենցի 6, Չարենցի 8, Խանջյան 1, Խանջյան 3, Խանջյան 5, Խանջյան 7 և Որոտան 7 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և Շահումյան 72, Սիսական 13, Սիսական 46 շենքերի էներգաարդյունավետ արդիականացում»:
Հավելենք նաև, որ այս տարի, բացի վերոնշյալ ծրագրերից, կշարունակվեն նախորդ տարվա թերի մնացած սուբվենցիոն ծրագրերը:
Ավագանին համաձայնություն տվեց նաև «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի մրցույթին աշխատանքային խմբի կողմից ներկայացված «Առողջ ապրելակերպի կազմակերպում» հայտին և համաֆինանսավորման չափ սահամանվեց 500 Եվրոյի համաժեք ՀՀ դրամ՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքի:
Ավագանու հաստատմամբ համայնքը 1 մլն դրամի չափով համաֆինանսավորում կկատարի Եվրոխորհրդի կողմից իրականացվող  դրամաշնորհային ծրագրում, որի շրջանակներում մեծ LED էկրան կտեղադրվի Սիսիանի կենտրոնական հրապարակում:
IMG 0704Ավագանու հաստատմամբ համայնքային բյուջեից 2 մլն դրամ աջակցության կարգով, որպես երախտիքի դրսևորում, կտրամադրվի Սիսիանի բժշկական կենտրոնին:
Լրացում կկատարվի համայնքի գույքագրման փաստաթղթերում՝ գույքացանկում ներառելով համայնքի կողմից ձեռք բերված սառը ջրի բարձր ճնշման միջոցն իր օժանդակ սարքավորումներով, որը անհատույց օգտագործման հանձնվեց «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին: Գույքացանկում ներառվեց նաև համայնքային սեփականություն հանդիսացող շինությունների վրա տեղակայված ազդարարման սարքավորումները:
Ավագանու կողմից համպատասխան որոշումներ կայացվեցին նաև օրակարգում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ:

Հ.Գ Ավագանու բոլոր որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում:
Ստորև՝  նիստի առցանց հեռարձակման տեսագրությունը

Add comment


1