Main content

gohar

Զինվորական գերդաստանի դուստր լինելը իմ կյանքի ամենամեծ հպարտությունն է, պապս, հորեղբայրներս, եղբայրս, որդիս, բոլորն էլ զինվորական են եղել, պատերազմի բովով են անցել,- պատմում է Գոհար Գալստյանը:


«Պապս՝ Լևոն Գալուստի Վարդանյանը, թիկնեղ, հաղթանդամ տղամարդ էր, օժտված ֆիզիկական մեծ ուժով,- ասում է տիկին Գոհարը,-ծնվել է 1892 թվականին, Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում: Երկար տարիներ ապրել ու աշխատել է հարևան երկրում: Կոխ ըմբշամարտի մրցույթներից մեկի ժամանակ հաղթել է ադրբեջանցի մարզիկին՝ նրան մահացու վնաս հասցնելով: Ելնելով անվտանգությունից՝ տեղի հայերի օգնությամբ, անմիջապես վերադարձել է հայրենիք, այստեղ էլ ամուսնացել, ընտանիք է կազմել, ունեցել է ութ զավակ»: Levon
Լևոն Վարդանյանը մասնակցել է առաջին աշխարհամարտին՝ միանալով հայկական կամավորական շարժմանը: Սակայն այսքանով  չի ավարտվել նրա զինվորական ուղին: 1941 թվականին մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին՝ որդիների հետ մեկնելով ռազմաճակատ: Լևոն Վարդանյանը մահացել է 1977 թվականին, 85  տարեկան հասակում:
Նրա որդիներից Սեդրակը  1939-1940թթ մասնակցել է Խորհրդա-ֆիննական, ապա նաև Հայրենական պատերազմին, զոհվել է 1942 թվականին: sedrakԼևոնի որդիներից Հակոբը, ով Հայրենականի վերջին մոհիկաններից է, այսօր էլ ապրում է մեր կողքին, Սիսիանի համայնքի Լոր գյուղում:
Նա ծնվել է 1924 թվականին, պատերազմ է մեկնել 18 տարեկանում: Ուկրաինայում վիրավորվել է, որից հետո տեղափոխվել է Տաշքենդ, Մոսկվա, ապա Բելոռուսիա, որտեղ կրկին մասնակցել է պատերազմական գործողություններին, կռվել է Մարշալ Բաղրամյանի գնդում: Հաղթանակից հետո ծառայությունը շարունակել է Ռիգայում, տուն է վերադարձել 1947 թվականին:hakob xmbov
Գերդաստանի զինվորական կենսագրությունը շարունակել է նաև Լևոն Վարդանյանի որդիներից Սերոբը, ով Արցախյան պատերազմի մասնակից է, կռվել է Վուրգ Ոսկանյանի ջոկատում:  Արցախյան պատերազմի հերոսական էջերում  է գրվել նաև Սերոբ Վարդանյանի որդու՝ Արսեն Վարդանյանի անունը, ով ևս, արյան կանչով, 1992 թվականին մեկնել է ռազմաճակատ:arsen Տիկին Գոհարն առանձակի հպարտությամբ, գլուխը փոքր ինչ վերև բարձրացրած, սկսեց պատմել եղբոր՝ Արթուր Գալստյանի մասին՝ Լևոն Վարդանյանի թոռան, ով կանգնած է հայոց բանակաշինության, Սիսական գնդի կազմավորման ակունքներում:  Ճարտարապետ-շինարար Արթուր Գալստյանը, աշխատելով իր մասնագիտությամբ, արդեն իսկ հասցրել էր դառնալ տարբեր նշանակության մի քանի տասնյակ օբյեկտների նախագծերի հեղինակ: 1992 թվականին, կամավոր զինվորագրվելով Հայոց բանակին,  նշանակվել է 60369 զորամասի 223 գումարտակում դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար: Եղել է նաև 243 գումարտակի հրամանատարի տեղակալ, ապա 20640 զորամասի հրամանատարի պաշտոնակատար: Արթուր Գալստյանի անցած մարտական ուղու մասին մանրամասն պատմվում է Մարատ Բաղդասարյանի «Աննվաճ երկրի վահանը» գրքի 2-րդ հատորում, որտեղ  Արթուր Գալստյանը ներկայացված է որպես պատրաստակամ, կազմակերպչական ձիրքով օժտված, համառ, նպատակասլաց ու հոգատար հրամանատար, ով իր կարողություններն ու գիտելիքներն անձնվիրաբար ծառայեցրել է հանուն հայոց բանակի կայացման ու հզորացման: «1993 թ. օգոստոսի 17-ին Սիսիանի երկրապահ-կամավորական ջոկատի կազմում, որպես 7-րդ գումարտակի սպայակազմից բաղկացած խմբի հրամանատար, ջախջախելով Կուբաթլուի շրջանի Մարխալաֆ գյուղի մերձակա բարձունքներում գտնվող թշնամական կրակակետերը և հաջողությամբ զարգացնելով մարտով առաջխաղացումը, առաջինն է հասնում ռազմավարական նշանակություն ունեցող Գյուլբերդ գյուղի բարձունքը: Այս կերպ ապահովում է Արջի /Արմեն Ազոյանի/ և նրա ընկերների մարմինների դուրսբերումը մարտադաշտից»:/Հատված գրքից/ artur
Արթուր Գալստյանի զինվորական ուղին հարուստ է այսպիսի բազմաթիվ հերոսական դրվագներով: Ինչպես վերը նշեցինք նա կանգնած է նաև Սիսական գնդի կազմավորման ակունքներում, եղել է  նորաստեղծ 60913 զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար: Ծառայությունը շարունակելով արդեն խաղաղ պայմաններում նա Սիսական գնդում եղավ առաջիններից, որ մեկնեց ՌԴ՝ մասնակցելու բարձրագույն սպայական դասընթացներին, խորացնելու զինվորական գիտելիքները: Հետագայում ևս բոլոր զբաղեցրած պաշտոններում Արթուրն աչքի ընկավ իր նվիրվածությամբ՝ արժանանալով բազմաթիվ մեդալների, պատվոգրերի ու պարգևների:pavelԿերկերուն ձայնով հուզմունքը կոկորդում զսպելով տիկին Գոհարը սկսեց պատմել որդու՝ Պավլիկ Ղևոնդյանի մասին, ով մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի թեժ մարտերին: Ու թե այդ օրերին մայրական սիրտը ինչ ապրումներով էր լցված, բառերով նկարագրել չկարողացավ. «Որդուս առաջնագծում եղած օրերը ինձ համար տարիներ էին թվում, այսօր էլ, երբ հիշում եմ մեր ապրումները, զգացողություններս թարմանում ու ավելի ուժգին ցավ են պատճառում: Մեզ սփոփում էր Պավլիկիս լավատեսությունը, հումորի մեծ զգացողությունը,  որոնք այդ դժվարին օրերին սպեղանի դարձան բոլորիս համար»,-ասում է տիկին Գոհարը, խորը հոգոց հանում ու անցնում առաջ:
tigranԻսկ հաջորդ պատմությունը Լևոն Վարդանյանի ծոռան՝ Տիգրան Առաքելյանի մասին էր, ով  ներկայումս պայմանագրային զինծառայող է: «Հայրենական պատերազմի մասին պատմությունները Տիգրանի մանկության անբաժան մասն են եղել,-ասում է տիկին Գոհարը,- նրա ու հատկապես մեզ համար մեծ հպարտություն էր և խորհրդանշական, երբ  Մեծ հայրենականի 70 ամյակի առթիվ Մոսկվայում կայացած զորահանդեսին նա մասնակցեց հայկական հատուկ վաշտի կազմում՝ քայլելով առաջին շարքում»:

Ավարտելով Վարդանյանների զինվորական գերդաստանի պատմությունը՝ տիկին Գոհարը մի քանի րոպե դեռ մտքում փորձում էր հիշել հայրենիքի նվիրյալների անվանացանկում արդյոք բոլորի՞ն է նշել, թե՞…

Հ.Գ Վարդանյանների գերդաստանի նման գերդաստանների պատմությունը անավարտ է ու շարունակական, քանի որ նրանցով է հյուսվում  մեր ժողովրդի պատմությունը, մեր ազգային դիմագիծն ու ինքնությունը:


sisian.info


Add comment


1