Main content

14330167 1834863106737590 2535642096539828799 nՄեծարգո՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ, ուսանողնե՛ր, հարգարժա՛ն ծնողներ, ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Սեպտեմբերի 1-ը բոլոր սերունդների համար հոգեհարազատ տոն է: Այն արթնացնում է անմոռանալի հիշողություններ մանկության, պատանեկության, ուսումնառության անհոգ տարիների մասին: Այս տոնը խորհրդանշում է մարդկության մշտական ձգտումը դեպի գիտելիքը, դեպի նորի բացահայտումն ու ճանաչումը:
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, կրթությունը անհատի զարգացման ու կայացման կարևորագույն և առաջնահերթ նախապայմանն է: Իսկ որակյալ կրթությունը՝ պետականության ամուր հիմքերի, երկրի առաջընթացի երաշխավորը: 
Առաջնահերթ խնդիր եմ համարում մեր համայնքում երիտասարդ մասնագետների համար նպաստավոր պայմանների և աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի ավարտելուց հետո նրանք վերադառնան, աշխատեն և արարեն՝ ի նպաստ հայրենի եզերքի: 
Այսօրվա գլխավոր հերոսները, ինչ խոսք, առաջին դասարանցիներն են, ովքեր արժանի են հատուկ շնորհավորանքների: Սիրելի՛ առաջին դասարանցիներ, դուք ոտք եք դնում նոր ու հետաքրքիր մի աշխարհ: Մաղթում եմ, որպեսզի դպրոցական տարիները դառնան ձեր կյանքի ամենալուսավոր, հիշարժան և անհոգ տարիները:
Շնորհավորում եմ նաև բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողներին, ավագ դպրոց տեղափոխված աշակերտներին, եղե՛ք աշխատասեր և ուսումնատենչ, կրկնապատկեք ձեր գիտելիքներն ու դարձեք որակյալ մասնագետներ:  
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա կապակցությամբ և մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի բացահայտումների, ստեղծագործական մտքի սլացքի ու գիտության նորանոր բարձունքների նվաճման տարի:

Add comment