- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
28 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41 րոպեին, ավերիչ երկրաշարժը հազարավոր մարդկային ճակատագրեր դարձրեց անցյալ և դրոշմեց որդեկորույս մոր, որբ երեխայի և այրի կնոջ հիշողության ամենազգայուն ծալքերում:
Անցել է 28 տարի, բայց մենք չենք մոռացել մեր ցավը, չենք մոռացել այդ ահասարսուռ օրերը: 
Սիսիանի համայնքում կազմակերպվել էր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սգո երթ, որին մասնակցում էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, զորամասերի հրամանատարները, տեղական և ուժային կառույցների ղեկավարները, համայնքապետարանի և ենթակառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների աշխատակիցները, ինչպես նաև զինվորականներ և քաղաքի բնակիչներ:
Ժամացույցի սլաքի ուղեկցությամբ բոլոր ներկաները 1 րոպե լռությամբ կանգնեցին հուշակոթողի առջև՝ մտովի վերհիշելով իրենց ապրածը:
11:41 րոպեին բոթաբեր դղրդյունը շատերին ստիպեց հոգեպես ցնցվել, ինչպես շատ տարիներ առաջ:
Դուդուկի թախծամրմունջ երաժշտության տակ ներկաները ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հուշակոթողին: Եղան ելույթներ, ասմունքներ, երգչախմբի կատարումով լավատեսորեն ավարտվեց սգերթը:
Այդ օրը բոլորն իրենց հոգում ցավի ճիչը սեղմած՝ 28 տարիների հեռվից իրենց նահատակված հարազատներին հիշելով՝ ցավը կրկին վերապրելով՝ հեռացան:
Add comment
1