28 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41 րոպեին, ավերիչ երկրաշարժը  հազարավոր մարդկային ճակատագրեր դարձրեց անցյալ և դրոշմեց  որդեկորույս մոր, որբ երեխայի և այրի կնոջ հիշողության ամենազգայուն ծալքերում:


Անցել է 28 տարի, բայց մենք չենք մոռացել մեր ցավը, չենք մոռացել այդ ահասարսուռ օրերը:
Սիսիանի համայնքում կազմակերպվել էր  երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սգո երթ, որին մասնակցում էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, զորամասերի հրամանատարները, տեղական և ուժային կառույցների ղեկավարները,   համայնքապետարանի և ենթակառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների,  դպրոցների աշխատակիցները, ինչպես նաև զինվորականներ և քաղաքի բնակիչներ:
Ժամացույցի սլաքի ուղեկցությամբ բոլոր ներկաները 1 րոպե լռությամբ կանգնեցին հուշակոթողի առջև՝ մտովի վերհիշելով իրենց ապրածը:

11:41 րոպեին բոթաբեր դղրդյունը շատերին ստիպեց հոգեպես ցնցվել, ինչպես շատ տարիներ առաջ:
Դուդուկի թախծամրմունջ երաժշտության տակ  ներկաները ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հուշակոթողին: Եղան ելույթներ, ասմունքներ, երգչախմբի կատարումով լավատեսորեն ավարտվեց սգերթը:
Այդ օրը բոլորն իրենց հոգում ցավի ճիչը սեղմած՝ 28 տարիների հեռվից իրենց նահատակված հարազատներին հիշելով՝ ցավը կրկին վերապրելով՝ հեռացան:

Add comment