Դեկտեմբերի 22-ից Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում անսովոր աշխույժ եռուզեռ էր. տեղադրվում էր ամանորյա տոնածառը, որին սիսիանցիները երկար էին սպասել: Տեղադրվելուց հետո դեկտեմբերի 25-ին, տոնածառի բացման արարողությունն էր, որին ներկա էր գրեթե ամբողջ Սիսիանը: Բնակիչներին նույնիսկ չէր խանգարում  ցուրտ եղանակը:


«Մեր սիսիանցի մանուկները  երազել են քաղաքում նման տոնածառ ունենալու մասին, շատ հաճախ ծնողները նրանց տարել են այլ քաղաքներ, ցույց տվել տվյալ քաղաքի տոնածառը, երեխան դա տեսել է մի քանի րոպեներ ընդամենը՝ մտքում պահելով այն նվիրական երազանքը, որ երանի  իրենք էլ իրենց քաղաքում ունենան նմանատիպը: Ընդառաջ գնալով բոլորի երզանքներին՝ որոշեցի, որ ոչնչով չպիտի տարբերվի մեր քաղաքը մյուսներից, սիսիանցին չպետք է կարոտով նայի մյուսների տոնակատարություններին ու գեղեցիկ շրջապատին, շքեղ տոնածառ տեսնելու համար պարտադիր չէ  երկար ճանապարհ գնալ, այն կարող ենք ունենալ  հենց մեր քաղաքում»,- պատմում էր համայնքի ղեկավարը:
Քաղաքի տոնածառի և  տոնական լույսերի վառման պատիվը տրվեց այդ ամենը նախաձեռնողին՝ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին: Բոլորն անհամբերությամբ սպասում էին այդ գեղեցիկ պահին, շատերը նույնիսկ երազանք էին պահել: Սիսիանցիների սպասումներն արդարացան՝ ամանորյա գեղեցկուհին շողաց իր գեղեցկությամբ՝ մեծ խանդավառությամբ համակելով բոլորին:
«Սիսիանը երբեք նման շքեղություն չէր տեսել, մեր երեխաների համար Ամանորն այսքան հեքիաթային ու երջանիկ չէր եղել, ես այս տարիքին եմ, բայց երեխայի նման երջանկացել եմ», - ուրախությունից հուզված ասում էր բնակչուհի Լենա Մուրադյանը:
Այնուհետև հնչեց ավանդական քոչարին և սիսիանցիները միասնական՝ ձեռք ձեռքի տված շուրջպար բռնեցին տոնածառի շուրջը: 
Եղավ շքեղ հրավառություն և տոնական բարձր տրամադրությամբ ավարտվեց երեկոն՝ բոլորի հոգում թողնելով այն վառ տպավորությունը, որ այս ամենը դեռ շարունակություն է ունենալու:

 

Add comment