Main content

Հունվարի 12-ին Սիսիանի զինկոմիսարիատը մարդաշատ էր. հավաքվել էին ծնողներ, ընկերներ, հարազատներ՝ իրենց  նորակոչիկին բանակ ճանապարհելու: 
22 նորակոչիկներ զինվորագրվեցին՝ բոլորն էլ  ավյունով ու եռանդով լի:
«Մի կտոր հողի համար մեր զինվորները արյուն են թափել, գնում եմ հայրենիքս պաշտպանելու, գնում եմ վրեժով ու այն գիտակցումով, որ թշնամին ոչինչ է, քանի մենք կանք»,- իր խոսքում նշեց նորակոչիկ Վանո Սահակյանը:


Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանը նորակոչիկների ծնողների հետ առանձնազրույց ունեցավ՝  նպատակ ունենալով  հոգեբանորեն տրամադրել նրանց, որպեսզի վերջիններս առանց հուզմունքի և վստահ ճանապարհեն իրենց զավակներին՝ հավատացած  լիելով, որ այսօրվա զինվորը  ուշադրության կենտրոնում է: Նա փաստեց, որ խուսափողներ չկան, որ ապրիլյան պատերազմից հետո սերունդը մի տեսակ վրեժով է լցվել և այսօր գնում է բանակ՝ առանց տրտնջալու և հուզվելու:  
Նորակոչիկներին ճանապարհելու էր եկել նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նա իր խոսքում նշեց, որ սիսիանցիները միշտ էլ բարձր են պահել հայ զինվորի պատիվը և սիսիանցին վտանգի դեպքում առաջինն է լինում առաջնագծում, նա հավատացրեց, որ ինքը մեր զինվորների կողքին է լինելու, զինվորի ծնողի հետ կիսելու է նրանց հոգսերը:
Այնուհետև նորակոչիկների հետ միասին  եղան Սիսիանի սուրբ Հովհաննես եկեղեցում, մոմ վառեցին՝ աղոթք հղելով առ Աստված: Ստանալով  քահանայի օրհնությունը՝ պանթեոնում ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակին, որից հետո էլ, մնաս բարով ասելով հարազատներին ու ընկերներին` ճանապարհվեցին դեպի զինվորական կյանք:

Add comment