Main content

«Սուրբ Թուխ Մանուկներ» պաշտամունքին էր վերաբերում պատմաբան Թաթուլ Սյունու բանախոսությունը, որը կայացավ Սիսիանի համայնքապետարանի դահլիճում համայնքապետարանի աջակցությամբ: Պատմաբան Թաթուլ Սյունին ինը տարի շարունակ զբաղվել է հայերի էթնոգենեզի ուսումնասիրությամբ, որի ընթացքում նրա համար խիստ կարևորվել է Ուրարտու-Հայաստան կապը և հենց  այդ ընթացքում էլ առաջացել է հետաքրքրություն  առեղծվածային Թուխ Մանուկների պատմության շուրջ: Կատարել է  հետազոտական լուրջ աշխատանք` օգտվելով ազգագրական, պատմական, աշխարհագրական,լեզաբանական աղբյուրներից: Ավելի քան 2,5 տարի աշխատել է այդ մենագրության շուրջ: Արդյունքում եկել է այն եզրահանգման, որ նախաքրիստոնեական այդ պաշտամունքը գալիս է ուրարտական ժամանակներից և նվիրված է հենց ուրարտական արքաներին: Նա գտնում է, որ Մենուա արքան էպոնիմն է ուրարտական դինաստիայի: Նա գտնում է, որ այդ պաշտամունքը զուրկ է կրոններին բնորոշ ընդհանրական սկզբունքներից, ծիսակարգից:

 

Պատմաբանը փաստում է, որ Թուխ Մանուկի նախատիպը տարածված է եղել Հայաստանում, առավել ևս Արևմտյան Հայաստանում, այսինքն պաշտամունքային այս մշակույթը Արևմտյան Հայաստանից է ներմուծվել և պահպանվել բանավոր փոխանցվող ավանդազրույցների միջոցով:

Պատմաբան Թաթուլ Սյունին վստահեցրեց, որ աշխատությունն ավարտուն տեսքի է բերել, որը իր համաքաղաքացիներին ներկայացնելուց հետո պատրաստվում է ներկայացնել ՀՀ ԳԱ ինստիտուտի համապատասխան մասնագետների քննարկմանը: Նա գտնում է, որ այդ մենագրությունը լույս կսփռի Ուրարտու-Հայաստան կնճռոտ հարցերի ճիշտ մեկնաբանմանը:

Add comment