Main content

 

Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում չորս օր շարունակ մանկական տոն էր, բեմում էին նախակրթարանների ավագ խմբի սաները` հրաժեշտի ինքնատիպ և յուրօրինակ հանդեսներով: Թե դաստիարակները,  թե ծնողները և թե մշակույթի կենտրոնի աշխատակիցները արել էին հնարավոր ամեն ինչ միջոցառումները իրական տոն դարձնելու համար: Ավարտական հանդեսներին ներկա էին նաև համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ:
Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Պարգև քահանա Զեյնալյանի տերունական աղոթքով և երեխաներին ուղղված օրհնության խոսքերով հունիսի 27-ին մեկնարկեց միջոցառումների շարքը: Ավարատական ելույթներով հանդես եկան չորս նախակրթարանների 131 սաներ:


Առաջինը բեմում թիվ 1 նախակրթարանի սաներն էին: Դեռ վեց տարեկանը չբոլորած փոքրիկները հայրենասիրական ու ռազմաշունչ բանաստեղծություններով և երգերով ներկաներից յուրաքանչյուրի սրտում բորբոքեցին հայրենիքի հանդեպ սիրո կրակը:
Նախակրթարանի տնօրեն Արևիկ Գասպարյանի շնորհավորական խոսքին հետևեց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ելույթը: Շնորհավորելով երեխաներին, ծնողներին և նախակրթարանի աշխատակիցներին՝ քաղաքապետը իր խոսքում հորդորեց ամրացնել ծնող-մանկապարտեզ կապը, հարկ եղած դեպքում բարձրաձայնել նկատելի խնդիրների մասին, ինչը կնպաստի մանկապարտեզների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Հորդորեց անկաշկանդ մասնակցել համայնքապետարանի կողմից անցկացվող անանուն հարցումներին. որի նպատակն է բացահատել ու առկա խնդիրները, ընդգծելու կատարված աշխատանքները:
Հունիսի 28-ին բեմում թիվ 4 նախակրթարանի անկաշկանդ փոքրիկներն էին՝ գարնանային ծաղկած բնություն հիշեցնող հանդերձանքով: Սիրված մուլտֆիլմերի հայերեն թարգմանությամբ երգերը, վարպետորեն բեմադրված պարային համարները,  փոքրիկների զվարթ թռվռուն բեմական խաղըներկաներին տարան դեպի անհոգ, ուրախ, հեքիաթային մանկության մոլորակ:
Նախակրթարանի տնօրեն Քրիստինա Հարությունյանը շնորհավորական խոսքեր ուղղեց ծնողներին, աշխատակիցներին, դաստիարակներին, դայակներին, ովքեր երկար ճանապարհ են անցել փոքրիկների հետ ու յուրովի մասնակիցը դարձել նրանց դաստիարակության գործում:
Քաղաքապետ Արթուր Սարգսյանը շնորհավորելով բալիկներին, ծնողներին և դաստիարակներին մաղթեց նրանց առավել բեղմնավոր աշխատանք, ուժ ու կորով, յուրաքանչյուր միջոցառում համատեղ ուժերով տոն դարձնելու կարողություն:
Հունիսի 29 ին մանուկներին տոն պարգևելու հերթափոխն ընդունել էին թիվ 2  նախակրթարանի սաները: Ընտրված բանաստեղծությունների մի ամբողջ շարք փոքրիկները նվիրեցին մայրիկներին, փառաբանեցին հայրենիքը, հայոց բանակն ու հայ զինվորին: Նախակրթարանի սաները առանձնահատուկ ակնածանքով արժևորեցին հայոց լեզուն, նրա դերն ու կարևորությունը, իսկ փոքրիկ բեմադրությունը հայոց տառերի ստեղծմանն էր նվիրված:
Հյուրերի շարքում էին Եվրոպական միության՝  Արևելյան գործընկերության «Մշակույթ և  ստեղծարարություն» ծրագրի հայաստանյան համակարգող Նորայր Երզնկյանը և ծրագրի փորձագետ Օլենա Պրավիլոն: Վերջինս հատկապես տպավորված էր փոքրիկների անկաշկանդ և անսխալ ելույթներով,այդ տարիքում այս չափ հայրենասեր ու համարձակ լինելու փաստով: Երեխաներին բարի երթ դեպի գիտելիքների դարբնոց մաղթեց նախակրթարանի տնօրեն Զվարթ Հովսեփյանը:
Հանդեսի ավարտին փոքրիկներին անակնկալ էր սպասվում, համյանքապետի կողմից նրանք նվեր ստացան Սուրբ Զատիկի տոնին նախակրթարանում կազմակերպված միջոցառման տեսաերիզները:
Հուլիսի 3-ին թիվ 3 նախակրթարանի սաները եզրափակեցին միջոցառումների շարքը: «Մեր հրաշք պարտեզը» խորագիրը կրող միջոցառումը սկսվեց փոքրիկների գեղեցիկ վալսով, ամենուր ծաղիկներ էին, իսկ օրվա խորհրդանիշ ընտրվել էր աշխատասեր ու ժրաջան մեղուն:
Միջոցառումը զարդարված էր գեղեցիկ հայեցի խոսքով,  առ հայրենիք ուղղված հայրենասիրական բանաստեղծություններով,  հայկական պարերի նուրբ նազանքով:
«Այսօր մանկապարտեզին հրաժեշտ է տալիս մեր 40-րդ սերունդը,- ասաց տնօրեն Էմմա Հովսեփյանը,- մենք սրտացավորեն և ուշադրությամբ ենք շրջապատել երեխաներից յուրաքանչյուրին, նրանց հետ ուրախացել և տխրել»: Երեխաներին մաղթելով ուսումնառության անխոչընդոտ տարիներ՝ տիկին Հովսեփյանը իր, ծնողների և նախակրթարանի ողջ անձնակազմի անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Արթուր Սարգսյանին՝ մշտապես մանկապարտեզի կողքին լինելու, մտահոգվելու համար: Ներկաներին իր խոսքով ողջունեց նաև համայնքի ղեկավարը. «Զուր չէ, որ իմ աշխատանքային գործունեությունը որպես համայնքի ղեկավար սկսել եմ հենց մանկապարտեզներ կատարած շրջայցերով, - ասաց քաղաքապետը,-բոլոր խնդիրներից կարևորագույնն ինձ համար մանուկներին վերաբերվող խնդիրներն են»:
Թիվ 3 նախակրթարանի փոքրիկները ևս համայնքի ղեկավարի կողմից նվեր ստացան իրենց մասնակցությամբ Սուրբ Զատիկի տոնին նվիրված հանդեսի տեսաերիզները: Միջոցառումը ավարտվեց ծնողների շնորհակալական խոսքերով և դաստիարակների համար պատրաստված շնորհակալագրերի հանձնման արարողությամբ:
Ամփոփելով նախակրթարանների ավագ խմբերի ավարտական միջոցառումները չենք կարող չփաստել, որ, հիրավի, միասնական ու համախմբված աշխատանքը ի զորու է ցանկացած միջոցառում դարձնելու համընդհանուր տոն:

 

 

 

 

 

Add comment


1