Main content

Հուլիսի 7-ին Սիսիանում մեկնարկեց ամառային զորակոչը: Հայկական զուռնա դհոլի ոգևորող հնչյունները զինկոմիսարիատի բակում համախմբել էին  որդիներին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ճանապարհող ծնողներին, հարազատներին: Նրանց կողքին էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի աշխատակիցները:  Նորակոչիկները՝  հպարտ և ինքնավստահ, թաքցնելով հուզմունքը, հրաժեշտ էին տալիս հարազատներին ու միաժամանակ ընդունում շնորհավորանքներ, բարեմաղթանքներ: Օդում թևածում էր հպարտությունը, խռովքն ու կոկորդում քարացած հուզմունքը, որը մեկ բառով կոչվում է մայրական սեր:


Նորակոչիկները, բժշկական զննում անցնելուց հետո, զինկոմիսարիատի բակում շարք կազմեցին, արդեն որպես զինվորներ: Սիսիանի զինկոմ փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը, որպես փորձառու սպա, հայրաբար խորհուրդներ և մաղթանքներ հղեց տղաներին՝ լինել կարգապահ, զգոն, բարձր պահել զինվորի պատիվը և յուրաքանչյուր քայլից առաջ հիշել, որ տանը իրեն սպասում են:
 Քաջալերող և ոգեշնչող էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղերձը, բարի ճանապարհ և բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին՝ համայնքի ղեկավարը նշեց. «Միշտ հիշեք, որ այստեղ ձեր ծնողները միայնակ չեն, ամեն պահի և ցանկացած խնդրի դեպքում ես նրանց կողքին եմ: Ուր էլ լինեք եղեք հպարտ, քանի որ սիսիանցին կերտել է հայ զինվորի հերոսական ու մարտնչող կերպարը: Ձեր ավագ ընկերները  հարթել են ձեր պատվո ճանապարհը, բարձր պահեք սիսիանցու և հայ զինվորի պատիվը»: 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր-Պարգև քահանա Զեյնալյանի տերունական աղոթքից հետո համայնքի ղեկավարը, նորակոչիկները  և ներկաները ծաղիկներ խոնարհեցին արցախյան ազատամարտի հերոս Վուրգ Ոսկանյանի հուշարձանին: 
Տղաները  կենտրոնական հավաքակայանի ճանապարհին կայցելեն Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր, Մատենադարան, իսկ հավաքակայանում արդեն կսկսվի նրանց զինվորական կյանքը՝ կստանան համազգեստ, կօգտվեն զինվորական ճաշարանից, կմասնակցեն վիճակահանությանը ու կմեկնեն պաշտպանելու հայրենիքի սահմանները:

 sisian.am

Add comment


1