Main content

Սիսիանի պետական քոլեջի այս տարվա շրջանավարտների համար հուլիսի 12-ը տոնական և շատ սպասված օր էր: Երկուսից  չորս տարվա ուսումնառությունից հետո, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում, հանդիսավոր կերպով, նրանց հանձնվեցին ավարտական դիպլոմներ:

Միջին մասնագիտական կրթության դիպլոմներ ստացան քոլեջի քույրական գործ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, սպասարկման կազմակերպում հյուրանոցներում  և  զբոսաշրջային համալիրներում, վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, հարդարման շինարարական աշխատանքների իրականացում բաժինների  77 շրջանավարտներ: Միջոցառմանը ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի աշխատակիցներ:  Կարմիր դիպլոմները հանձնեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով շնորհավորեց շրջանավարտներին՝ կյանքի նոր փուլ անցնելու կապակցությամբ և գնահատանքի խոսքեր ուղղեց քոլեջի դասախոսական անձնակազմին. «Իմ և բոլորիս խնդիրն է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մեր երիտասարդությունը մնա Սիսիանում, հավատ ստեղծվի ուսումնական կրթօջախների հանդեպ,  համանքապետարանի, համայնքի ղեկավարի հանդեպ, հավատ,  որի հիման վրա կկառուցենք մեր վաղվա ներկայանալի քաղաքը: Եվ իհարկե մեր ձգտումն է ստեղծել աշխատատեղեր՝ այսօրվա և վաղվա շրջանավարտների համար»: Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական ելույթներով: Դասախոսներին  և տնօրինությանը ուղղված շնորհակալական ելույթներով հանդես եկան նաև շրջանավարտ ուսանողները:

Add comment


1