«Հայաստանը բոլորի համար դարձնել գրավիչ և հարմարավետ». ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրի կարգախոսն է: Ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջին համապետական շաբաթօրյակը մայիսի 27-ին էր, իսկ երկրորդը՝ հուլիսի 29-ին:
Սիսիանի համայնքապետարանում շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին օրեր առաջ, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել և աշխատանքային հստակ ծրագիր էր մշակվել, քաղաքը բաժանվել էր համապատասխան հատվածների, բնակչությունը և շաբաթօրյակի բոլոր մասնակիցները նախապես տեղեկացվել էին, ստեղծվել էին պատասխանատու խմբեր:
Շաբաթօրյակին մասնակցում էին մարզային և համայնքային կազմակերպություններ, տնտեսվարող սուբյեկտներ, կրթական, առողջապահական հաստատություններ, մասնավոր ընկերություններ, հասարակական կազմակերպություններ և քաղաքի մաքրությամբ մտահոգ սիսիանցիներ:
Համայնքապետարանի աշխատակիցներից կազմված խմբերը համակարգում էին շաբաթօրյակի ընթացքը, հետևում աշխատանքներին, փորձում բոլորին ներգրավել: Աղբահանության աշխատանքները հեշտացնելու և առավել օգտավետ դարձնելու նպատակով, համայնքապետարանի նախաձեռնությամբ, քաղաքացիներին բաժանվեցին տոպրակներ, պարկեր:
Շաբաթօրյակի ողջ ընթացքին հետևում էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, շրջայցեր կատարում քաղաքի տարբեր հատվածներում՝ իր ներկայությամբ խրախուսելով և ոգևորելով համայնքի բնակչությանը:
Համախմբված և կազմակերպված աշխատանքի արդյունքում, մի քանի ժամվա ընթացքում մաքրվեցին և գեղեցիկ տեսք ստացան շատ հանրային տարածքներ, պատմամշակութային հուշարձաններ, բակային հատվածներ, ճանապարհների հարակից տարածքներ:
Քաղաքը մաքուր և գրավիչ տեսքի էր բերվել դեռևս առաջին համապետական շաբաթօրյակի ժամանակ: Այլևս չկան տարիների ընթացքում կուտակված աղբակույտեր, փողոցները մաքուր են, լուսավորված, ծաղկապատված և կանաչապատ: Քաղաքային իշխանությունների նմանօրինակ վերաբերմունքը փոխել է նաև բնակչության հոգեբանությունը, վերաբերմունքը քաղաքի նկատմամբ: Դեռ վաղ առավոտից բնակիչները մեծ խանդավառությամբ մաքրում էին շենքերի բակերը՝ իրենց ոգևորությամբ վարակելով շրջապատին:
Համապետական երկրորդ շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Սիսիանում տեղակայված զորամասերի ժամկետային զինծառայողները: