Main content

«Արծվային թռիչք Սիսիանի երիտասարդներին» խորագիրը կրող միջոցառումով Սիսիանում եզրափակվեց երիտասարդության միջազգային տոնին նվիրված քսանօրյակը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ երիտասարդները Սիսակ Նահապետի անվան հրապարակից ոտքով ուղևորվեցին դեպի Սյունյաց աշխարհի հրաշալիքը՝ Շաքի ջրվեժ: Սա յուրատիպ և անակնկալներով լի օրվա սկիզբն էր միայն:


Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, երիտասարդության օրվան ընդառաջ, հայտարարվել էր տոնական քսանօրյակ: Հուլիսի 22-ին Համո Սահյանին նվիրված հուշ-ցերեկույթով մեկնարկեցին միջոցառումները: Համայնքային ենթակայության մշակութային կառույցների, Վորլդ Վիժն կազմակերպության և մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվեցին ավելի քան երկու տասնյակ միջոցառումներ. կենտրոնական հրապարակում մեծ շուքով տոնվեց Վարդավառը, կազմակերպվեց ժողովրդական երգի երեկո՝ մշակույթի կենտրոնի ժողգործիքների անսամբլի կատարմամբ, քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Եղիշե Չարենցի 120-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, երիտասարդների ինտելեկտուալ կարողությունները դրսևորվեցին խելք-խելքի խաղ մրցույթում, թատերական տոն պարգևեցին մշակույթի կենտրոնի թատերական խմբի սաները, Սիսիանում առաջին անգամ կազմակերպվեց «Մեղրի փառատոն», երիտասարդների նախաձեռնությամբ անցկացվեցին մի շարք երաժշտական երեկոներ, արշավ, նորաոճ փարթիներ,  գունագեղ դիսկոտեկներ և բացօթյա կինոդիտումներ: Ինչպես նաև Վորլդ Վիժն կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց «Բացահայտիր Սիսիանը» ճանաչողական խաղ-մրցույթը: Տոնական օրը շարունակվեց Սիսիանի անտառտնտեսության հարմարավետ հանգստյան գոտում, որտեղ երիտասարդներին սպասվում էր մատաղի արարողություն, տոնական ճաշկերույթ, տարատեսակ մրցույթներ, երգ ու պար: Երիտասարդներին էր միացել նաև ազգային ժողովի պատգամավոր Ավետ Սարգսյանը:

Սիսիանցի երիտասարդները և նրանց հետ տոնը նշելու եկած ժամկետային զինծառայողները իրենց ուժերը փորձեցին սպորտային և պարային մրցույթներում, շախմատի մրցաշարում, բազկամարտում: Ամենուր երգ էր, պար, բարձր տրամադրություն:

Օրվա ավարտին,  կենտրոնական հրապարակում, տոնական համերգի ժամանակ, քսանօրյակի միջոցառումներին ակտիվություն ցուցաբերած և մրցույթներում հաղթած մի խումբ երիտասարդներ համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրեր և պատվոգրեր ստացան: Շնորհակալգիր ստացավ նաև Սիսիանի N զորամասի հրամանատար Հրաչիկ Օհանյանը՝ միջոցառումներին աջակցելու համար: Իսկ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սիսիանում երիտասարդական կյանքի ակտիվացման և Սիսիանը ծաղկեցնելու համար, շնորհակալագիր ստացավ երիտասարդների կողմից: Օրն ավարտվեց տոնական հրավառությամբ:

Add comment


1