26 տարի առաջ, այս օրը, ավելի քան երբևէ, մեր ժողովուրդը միասնական էր ու վճռական. կատարվեց մեր պապերի երազանքն, ու Հայաստանը հռչակվեց անկախ և ինքնիշխան պետություն:


Տոնական օրվա խորհուրդը սիսիանցիներին բերել էր կենտրոնական հրապարակ, ուր ծածանվում էր մեր պետականության խորհրդանիշ եռագույնը՝ ազդարարելով տոնական միջոցառումների սկիզբը: Հանդիսավոր երթը համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Պանթեոն: Ծաղիկներ խոնարհվեցին մեր վաղեմի երազանքի երկիրն ունենալու ճանապարհին իրենց կյանքը զոհած սիսիանցի հերոսների շիրիմներին: Տոնական օրը շարունակվեց Սիսիանի մշակույթի կենտրոնի դահլիճում: Անկախության հռչակագրի ընթերցումը, պետական օրհներգը մի պահ բոլորին տարան այն երանելի օրը, երբ ազգովի կարողացանք փոխել մեր երկրի պատմության ընթացքը: Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես եկան Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ավագ դպրոցի սաներ, ժամկետային զինծառայողներ, ուսուցիչներ: Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց տոնական ելույթներով, երգ ու պարով, մարտարվեստի ցուցադրական համարներով: