Սեպտեմբերի 28-ը Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի անվանակոչության օրն է: 1993թ.ի այս օրը դպրոցը կոչվեց  Արցախյան հերոսոմարտում զոհված, դպրոցի սան Արշակ Գրիգորյանի անունով: Ամեն տարի սեպտեմբերի 28-ին դպրոցի բակում՝ Արշակ Գրիգորյանի կիսանդրու շուրջ, հավաքվում են նրա զինակից ընկերները, հարազատները, ուսուցիչները՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց զավակի, ընկերոջ, աշակերտի վառ հիշատակին:
Թաց աչքերով ու որդու կարոտը սրտում անթեղած՝ Ժենիկ մայրիկը համակ ուշադրությամբ լսում էր հնչած ամեն մի բառը: Հերոս որդուն նվիրված երգը նրա հիշողություններին թև տվեց ու տարավ դեպի 1992 թվականի          դեկտեմբերի   10-ը. այդ օրը Կապանի շրջանի սահմանների պաշտպանության մարտերում զոհվեց Արշակ Գրիգորյանը: 

 

<<Նա հայրենասեր էր, օրինակելի աշակերտ, նվիրված ընկեր, հրաշալի մարզիկ ու հոգատար որդի, նա դեռ մանկուց տարբերվում էր իր հասակակիցներից>>,- հերոսի մոր՝ տիկին Ժենիկի, հուշերում այսպիսինն է Արշակը:
Դպրոցում սովորող յուրաքանչյուր աշակերտ ճանաչում է Արշակ Գրիգորյանին, ծանոթ է նրա քաջագործություններին: Այդ էին ապացուցում միջոցառման ընթացքում հնչած բոլոր խոսքերը. նոր սերունդը գիտի գնահատել ու խոնարհվել մեր հերոսների անձնազոհ սխրանքի առջև
Դպրոցի անվանակոչությանը նվիրված միջոցառմանը ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և աշխատակազմի ներկայացուցիչներ:
Միջոցառումն ավարտվեց մեդալի հանձնման արարողությամբ. Երկրապահ կամավորականների վարչության նախագահ գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից Արշակ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԵԿՄ 20 ամյակի հոբելյանական մեդալով: