Փուչիկներ, գեղեցիկ զգեստավորված փոքրիկներ, անհանգիստ ծնողներ՝  եկել են մասնակցելու թիվ 3 նախակրթարանի նոր խմբասենյակի բացման տոնական միջոցառմանը:
Ամիսներ շարունակ շինհրապարակ դարձած խմբասենյակն այսօր արդեն վերանորոգված է  և  կահավորված՝  պատրաստ  հյուրընկալելու  իր առաջին սաներին: Խմբասենյակում կգործի նախակրթարան , ուր նախադպրոցական կրթություն կստանան տարածաշրջանի 5-6 տարեկան երեխաները:
Կարմիր ժապավենը կտրելու  պատիվը տրվեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին:


Համայնքի ղեկավարի անմիջական միջնորդությամբ և համայնքապետարանի ներդրմամբ է  ծրագիրը կյանքի կոչվել, այն  իրականացվել է կրթության և գիտության նախարարության ծրագրերի կենտրոնի նախադպրոցական կրթության միկրոծրագրի շրջանակներում: Նախակրթարանի կողքի խմբասենյակը ևս վերանորոգված և կահավորված է, այս մեկը՝ համայնքի ղեկավարի անձնական միջոցներով:
Նախակրթարանը կգործի 4.5 ժամյա ռեժիմով, անվճար սկզբունքով, ըստ  ծրագրի երեխաների համար սնունդ  նախատեսված չէ, ինչը  անընդունելի թվաց  համայնքի ղեկավարին. <<երեխաները մեկ անգամյա սնունդ կստանան>>,- Արթուր Սարգսյանի որոշումն է.
Նախակրթարանի սաների թիվն այս պահին 25-ն է, նրանցից շատերը ավագ խումբն ավարտել են նախորդ տարի և մինչև դպրոց գնալը, իրենց  ժամանակն առավել արդյունավետ կկարողանան անցկացնել այստեղ:
Թիվ 3 նախակրթարանի նախկին և ներկայիս սաների մասնակցությամբ հյուրերի համար գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել: Ավագ խմբի երեխաները ողջունեցին նորեկների մուտքը և իրենց գեղեցիկ համարները նվիրեցին նրանց:
Նախակրթարանի բացման օրը խորհրդանշական էր Արթուր Սարգսյանի համար, ով մեկ տարի առաջ, այս օրը ընտրվեց համայնքի ղեկավար, և աշխատանքները սկսելով հենց նախակրթարաններից, այս մեկ տարվա ընթացքում կարողացավ բազմաթիվ խնդիրներին լուծում տալ:
Անվիճելի փաստ է. նախակրթարաները ջեռուցված են, նորովի կահավորված, համալրված գույքով և խաղալիքներով: