Սիրելի ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Տոն, որը հայ ազգը նշում է որպես խորին հարգանքի դրսևորում մանկավարժի մասնագիտության նկատմամբ:

Տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորում եմ վաստակած հանգստի անցած մեր ավագ  սերնդի մանկավարժներին, ովքեր շարունակում են իրենց խորհուրդներով ու բազմամյա փորձով նպաստել սերունդների կրթման կարևորագույն գործին: Շնորհավորանքներս եմ հղում նաև մասնագիտական հաստատությունների դասախոսներին և ուսուցիչներին, ինչպես նաև նախակրթարանների դաստիարակներին։

 

Բոլորս էլ տարիների հեռվից առանձնահատուկ ջերմությամբ ու ակնածանքով ենք հիշում մեր ուսուցիչներին, նրանց դասերը, խրատները, որոնք ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում: Ուսուցիչը՝ կոչում է, որ տրվում է ողջ կյանքի համար։ Կոչվել ուսուցիչ, նշանակում է լինել ժողովրդի կողմից սիրված և հարգված։ Ուսուցչին գնահատելն ու մեծարելը մեր ժողովրդի ազգային նկարագրի անբաժանելի մասնիկն է դարձել: Հայտնի խոսք է ժողովրդի համար հացից հետո ամենակարևորը ուսուցիչն ու դպրոցն են։ ՈՒսուցիչն աշխատում է ազգային ամենապատասխանատու խնդրի վրա՝ նա ձևավորում է մարդուն։

Ուսուցչի աշխատանքը հետաքրքիր, միաժամանակ բարդ է և պատասխանատու, որովհետև հենց նրան է տրված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության կարևոր առաքելությունը: Այդ առաքելությունը Սիսիանի տարածաշրջանի 36 դպրոցների շուրջ 3600 աշակերտների համար, հավատարիմ մնալով իրենց բարձր կոչմանը՝ անտրտունջ ու արժանապատվորեն իրականացնում են ավելի քան 860 ուսուցիչներ:

Սիրելի ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ, մեր համայնքների ու պետության զարգացման, մեր բանակի հզորացման,  մեր նպատակների ու երազանքների իրականացման հիմքը ձեր հայրենանվեր աշխատանքով դնում եք դուք: Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն ու արևշատություն, ինչպես նաև մեծ կամք ու եռանդ՝ չափազանց պատասխանատու ձեր աշխատանքում: