1994 թվականից Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի, հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի օրը, երախտիքի և խոնարհման տոնը՝  նվիրված սերունդների հայեցի դաստիարակության  ու կրթության առաքելությունն իրենց ուսերին առած մեր նվիրյալ ուսուցիչներին:


Օրն  առանձնահատուկ և անակնկալներով լի էր, հատկապես, Սիսիանի տարածաշրջանի մանկավարժների, դասախոսների և դաստիարակների համար: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի անունից տարածաշրջանի բոլոր գյուղական համայնքների դպրոցների ուսուցիչները շնորհավորանքի խոսքեր և ծաղիկներ ստացան: Իսկ Սիսիան քաղաքի դպրոցներ, գործող բոլոր ուսումնական հաստատություններ  Արթուր Սարգսյանն անձամբ այցելեց: Մեծարանքով և հատուկ ակնածանքով, մեկ առ մեկ բացելով դպրոցների, ուսումնական հաստատությունների բոլոր դասասենյակների դռները, համայնքի ղեկավարն իր անկեղծ շնորհավորանքներով հուզումնալից պահեր պարգևեց մեր մանկավարժներին՝ մեկ անգամ ևս փաստելով, որ կրթության նվիրյալները, հիրավի,  արժանի են մեծարանքի:
Համայնքի ղեկավարի ուշադրությունից դուրս չէին մնացել նաև վաստակաշատ հանգստի անցած, տասնյակ սերունդներ դաստիարակած ու կրթած ավագ սերնդի մանկավարժները, նրանք հրավիրվել էին մասնակցելու մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպված մեծարանքի ու խոնարհման երեկոյին:
Հնչած բոլոր մաղթանքներն ու երախտիքի խոսքերն ուղղված էին Սիսիանի դիմագիծը ստեղծած, տարիներ շարունակ սիսիանցի աշակերտի, ուսանողի ասպիրանտի ու գիտնականի անունը բարձր պահած վաստակաշատ մանկավարժներին:
Շնորհավորական ելույթից առաջ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն անկեղծացավ. << Անչափ հուզված եմ ձեր ներկայությունից, դահլիճում նստած են իմ ուսուցիչները,  ում  անձնվեր աշխատանքի շնորհիվ ես կայացել եմ կյանքում  և  արժանացել եմ Սիսիանը ներկայացնելու պատվին>>:
 Համայնքի ղեկավարն , իր ելույթում հատկապես շնորհավորելով վաստակած հանգստի անցած ավագ սերնդի մանկավարժներին, նշեց. <<Դուք շարունակում եք ձեր խորհուրդներով ու բազմամյա փորձով նպաստել սերունդների կրթման կարևորագույն գործին: Շնորհավորանքներս եմ հղում նաև մասնագիտական հաստատությունների դասախոսներին և ուսուցիչներին, ինչպես նաև նախակրթարանների դաստիարակներին։ Բոլորս էլ տարիների հեռվից առանձնահատուկ ջերմությամբ ու ակնածանքով ենք հիշում մեր ուսուցիչներին, նրանց դասերը, խրատները, որոնք ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում: Ուսուցչի աշխատանքը հետաքրքիր, միաժամանակ բարդ է և պատասխանատու, որովհետև հենց նրան է տրված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության կարևոր առաքելությունը: Այդ առաքելությունը Սիսիանի տարածաշրջանի 36 դպրոցների շուրջ 3600 աշակերտների համար, հավատարիմ մնալով իրենց բարձր կոչմանը, անտրտունջ ու արժանապատվորեն իրականացնում են ավելի քան 860 ուսուցիչներ>>,- Արթուր Սարգսյանն, ամփոփելով իր խոսքը, մեկ անգամ ևս նշեց մեր ազգային նկարագիրը արտահայտող այն միտքը, թե՝ ժողովրդի համար հացից հետո ամենակարևորն ուսուցիչն ու դպրոցն են։ Ուսուցիչն աշխատում է ազգային ամենապատասխանատու խնդրի վրա՝ նա ձևավորում է մարդուն:
Մեծարման երեկոն իրենց ելույթներով առավել հիշարժան և տոնական դարձրեցին մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը, թատերական խումբը, Սիսիանի երաժշտական, արվեստի դպրոցների սաները, <<Գրանդ>> պարային համույթը, քաղաքի դպրոցների աշակերտները: