<<Վորլդ Վիժն>> Հայաստան բարեգործական կազմակերպության   Սիսիանի գրասենյակի <<Սքայ>> երիտասարդական ակումբը, <<Համայնքային ծառայության ուսումնական ծրագրերի>> շրջանակներում,  իրականացնում է  <<Վերամշակիր և վերօգտագործիր>> կարգախոսը կրող <<Թափոնների կառավարում>> ծրագիրը:  Ակումբի երիտասարդների նախաձեռնությամբ Սիսիանի տարածաշրջանում գործող կազմակերպություններից հավաքված  թղթի թափոնների վերամշակման արդյունքում ստացվում է նոր թուղթ:


Ծրագրի շրջանակներում անցկացվել են դասընթացներ սոցիալապես առավել խոցելի ընտանիքների երեխաների մասնակցությամբ: Նրանք սովորել են՝ ի՞նչ է թափոնը, ինչպիսի՞ էկոլոգիական փոփոխություններ կարող են կատարվել դրանց առկայության դեպքում, սովորել են թղթի վերամշակման շատ պարզ տեխնոլոգիան, ավելին՝ դասընթացն ավարտելու կապակցությամբ նրանց տրված հավաստագրերը պատրաստել են հենց իրենք, իրենց վերամշակած թղթից:
Հոկտեմբերի 6-ին <<Սքայ>> երիտասարդական ակումբի ներկայացուցիչները Սիսիանի քաղաքային գրադարան էին բերել 50 վերամշակված թուղթ՝  հնամաշ գրքերը կազմելու նպատակով: <<Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել մեր շրջապատում առկա թափոնների քանակը: Քաղաքային գրադարանի 50 և ավելի հնամաշ գրքեր նոր տեսք կստանան:  Թեպետ նախատեսված չէ, սակայն գրադարանի տնօրեն տիկին Խաչատրյանի առաջարկով, մեծ սիրով նաև դասընթացներ կանցկացնենք նրանց աշխատակիցների հետ, որպեսզի գրքերը կազմելու համար տեղում կարողանան վերամշակված թուղթ ստանալ>>,- նշեց <<Սքայ>> ակումբի առաջնորդ Կատյա Բաբայանը:
Երիտասարդական ծրագրերի պատասխանատու Նելլի Թաթոսյանի տեղեկացմամբ դասընթացներ կանցկացվեն, թղթի վերամշակման գաղտնիքները կփոխանցվեն նաև Սիսիան քաղաքի և հարակից գյուղական համայնքների դպրոցների աշակերտներին. << Նախատեսում ենք նաև  պատրաստել նոթատետրեր, պիտակներ: Այս պահին <<Սքայը>> իրականացնում է սոցիալական ձեռներեցության ծրագիր, պատրաստվում են էկոպայուսակներ, առաջիկայում մեր վերամշակած թղթից կպատրաստվեն այդ պայուսակների պիտակները>> տեղեկացրեց Նելլի Թաթոսյանը:
Դասընթացների մասնակիցները, ելնելով վերամշակման պարզունակ տեխնոլոգիայից, իրենց հմտությունները կարող են նաև տնային պայմաններում դրսևորել. Ստանալ թուղթ՝ առանց բնությանը վնաս հասցնելու: