Ամեն տարի, հոկտեմբերի 20-ին Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում նշվում է  գյուղի օրը: Ավանդական դարձած տոնն այս տարի նշվեց յուրովի: Առաջին շնորհավորանքները հնչեցին  գյուղի  մուտքն ազդարարող լուսավառ վահանակի բացման արարողության ժամանակ:
«Բռնակոթ» անվանակրությամբ վահանակի տեղադրման նախաձեռնության հեղինակը գործարար, Բռնակոթում իրականացված բազմաթիվ աշխատանքների հեղինակ Արգամ Արշակյանն է:


Տասնյակ բռնակոթցիներ, գյուղի տոնին մասնակից բազմաթիվ հյուրերի հետ, ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված բռնակոթցի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: Բռնակոթցիներին շնորհավորելու էին եկել ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ինչպես նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Մինասյանը:
Տոնական օրը շարունակվեց գյուղի հանդիսությունների դահլիճում, որտեղ, Բռնակոթի և Սիսիանի համայնքապետարանների համատեղ ջանքերով, գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել:
Բռնակոթի համայնքի ղեկավար Ատոմ Առաքելյանը իր ելույթում շնորհավորեց համագյուղացիներին ավանդական տոնի առթիվ: Գյուղի կայացման և հզորացման գործում  համայնքի ղեկավարը կարևորեց, հատկապես, բարերարների կատարած ներդրումները և աշխատանքները: Համայնքի  նվիրյալ  բարերարների շարքերը համալրած Արգամ Արշակյանին շնորհվեց Բռնակոթի պատվավոր քաղաքացու կոչում:
Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Գագիկ Խաչատրյանը:
Միջոցառումն ուղեկցվեց Բռնակոթի հիմնական  դպրոցի և  Սիսիանի արվեստի դպրոցների սաների գեղարվեստական կատարումներով: