Հոկտեմբերի 21-ին,  <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրաջանակներում, Սիսիանում անցկացվեց համապետական երրորդ շաբաթօրյակը: Ինչպես անցած երկու համապետական շաբաթօրյակների ժամանակ, այս անգամ ևս Սիսիանի համայնքապետարանը, քաղաքի մաքրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով, կատարել էր նախապատրաստական աշխատանքներ. բնակչությունը  և շաբաթօրյակի բոլոր մասնակիցները  նախապես տեղեկացվել էին, ստեղծվել էին  պատասխանատու խմբեր:


Շաբաթօրյակին մասնակցում էին  մարզային և համայնքային կազմակերպություններ, տնտեսվարող սուբյեկտներ, կրթական, առողջապահական հաստատություններ, մասնավոր ընկերություններ, հասարակական կազմակերպություններ և իհարկե բնակիչներ: Շաբաթօրյակի շրջանակներում սանմաքրման աշխատանքներ կատարվեցին բոլոր հիմնարկների տարածքներում, բակային հատվածներում, հանրային վայրերում: 
<<Բնակարանային կոմունալ տնտեսություն>> ՀՈԱԿ-ի աշխատակիցները հետևողական և կազմակերպված կերպով հավաքում էին կուտակված աղբը, և , քանի որ օրը քամոտ էր, չոր տերևների կույտերը անմիջապես հեռացվում էին ճամփեզրերից: 
<<Մաքուր Հայաստան>> ծրագիրն, ինչ խոսք, ծառայում է իր նպատակին, այն է՝ քաղաքացիական դաստիարակության և բնապահպանական մշակույթի հետևողական ներդրումը հասարակության լայն շերտերի գիտակցության մեջ: Անցած երեք համապետական շաբաթօրյակները հիանալի առիթ էին բոլորին ներգրավվելու քաղաքի մաքրման գործում: Քաղաքային իշխանությունների և համապատասխան կառույցների սրտացավության, հոգատարության և հետևողական աշխատանքների արդյունքում Սիսիանում սանմաքրման, բարեկարգման աշխատանքները ամենօրյա են և մշտական բնույթ են կրում: Իսկ բնակիչներին հորդորում ենք՝ աղբը թափել համապատասխան վայրերում, աղբամաններում, անկախ նրանից շաբաթօրյակ է, թե՝ ոչ,  քաղաքը պահել մաքուր: