Անկասկած բոլորն էլ համակարծիք կլինեն, որ մանուկների մոլորակը հեքիաթային է՝ պարուրված ինքնատիպ գույներով, ուրույն կաննոններով, կաննոներ, որ սահմանվում են ընտանիքում, ամրապնդվում և հղկվում են նախակրթարաններում, ապա` այլ ուսումնական հաստատություններում: Նախակրթարաններն էլ իրենց հերթին առանձին աշխարհ են, որի բնակիչներն են մաքրությունը, անմեղությունը, ժպիտն ու երջանկությունը: Այս աշխարհն էլ իր գրված և չգրված օրենքներն ունի, ունի նաև տոնացույց, որտեղ զետեղված են տոնական օրեր՝ հատուկ միայն փոքրիկների այս գողտրիկ մոլորակին:

Տոնացույցում «կարմիր շրջանակով» առանձնացված է բերքառատ աշնանը նվիրված տոնական օրը, որն ամեն տարի մեծ շուքով տոնվում է մեր նախակրթարաններում:
Նոյեմբերի 9-ի անձրևոտ ու քամոտ օրն իրենց լուսաշող ժպիտներով ու ոսկեզօծ աշնանը ձոնված գունառատ ու քաղցրահամ բանաստեղծություններով ջերմացրեցին Սիսիանի թիվ 1 և թիվ 3 նախակրթարանների սաները:
«Օրն անմիջապես պայծառ գույներ ստացավ և արևոտ դարձավ, երբ սկսվեց միջոցառումը»,- այսպիսի կարծիք հայտնեց Սիսիանի համայնքապետարանի կազմակերպական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանը թիվ 1 նախակրթարանի աշնան հանդեսի վերաբերյալ:
Գույնզգույն, երփներանգ աշնանը համահունչ էր նաև թիվ 3 նախակրթարանի դահլիճը՝ զարդարված մրգառատ զամբյուղներով, աշնան գեղեցիկ տեսարան հիշեցնող դեկորներով: Քաղցրահամ  աշունը փոքրիկները փառաբանեցին թե՛ հայերեն և թե՛ ֆրանսերեն բանաստեղծություններով, աշխույժ երգ ու պարով,  իսկ հանելուկների միջոցով փորձեցին կռահել այս կամ այն հատկությամբ օժտված միրգը, բանջարեղենը: Միջոցառմանը ներկա էր նաև միավորված Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նրան վերընտրվելու կապակցությամբ շնորհավորեց թիվ 3 նախակրթարանի տնօրեն Էմմա Հովսեփյանը: Համայնքի նորընտիր ղեկավարին մաղթելով եռանդ և տոկունություն՝ տիկին Հովսեփյանը հույս հատնեց, որ անցած մեկ տարվա փոխադարձ վստահության մթնոլորտը կշարունակի գերակայել համատեղ աշխատանքում: Ծնողներին, դաստիարակներին և հատկապես երեխաներին էին ուղղված Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի շնորհավորական խոսքերը: Նրա մաղթանքն էր, որպեսզի յուրաքանչյուր սիսիանցու տուն լինի բերքառատ՝ լեցուն մառաններով:
Նոյեմբերի 15-ին Աշուն տատիկին «հյուրընկալելու» հերթը Սիսիանի թիվ 2 նախակրթարանի ավագ խմբի սաներինն էր: Գույնզգույն տերևներով զարդարված հանդերձանքն ու մանուկների ոգեշունչ բանաստեղծությունները, իրապես, տոնական տրամադրություն ստեղծեցին: Մրգերով ու բանջարեղեններով գեղեցիկ զարդարված առատ սեղանի շուրջ փոքրիկները զվարթ երգեցողությամբ, ազգային խաղիկներով ու կատակ երգերով «Աշնան գույներ» հաղորդեցին միջոցառմանը: Միջոցառման ավարտին փոքրիկները անկաշկանդ կերպով իրնեց  ցանկությունները հայտնեցին Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին, իսկ ցանկությունները տարբեր էին. նոր խաղալիքներ, նախակրթարանի համար նոր դաշնամուր և այլն: Պարոն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով երեխաներին և դաստիարակներին աշնան գեղեցիկ տոն պարգևելու համար, հայտնեց, որ թիվ 2 նախակրթարանում առաջիկայում կբացվի նոր ավագ խումբ:
Ամփոփելով նախակրթարաններում կազմակերպված աշնան հանդեսները՝ կարելի է ասել, որ դրանք ըստ էության ոչ միայն ճանաչողական բնույթ են կրում երեխաների համար, այլ նաև քննություն են, որտեղ երևում է թե՛ դաստիարակների աշխատանքը և թե՛ երեխաների կարողություններն ու նախակրթարանում ձեռք բերված գիտելիքները:

Add comment