Main content

«Գրանդ» պարային համույթի նորաոճ, անակնկալ ելույթով սկսվեց ուսանողների համերաշխության միջազգային օրվան նվիրված տոնական համերգը: Միջոցառումը կազմակերպվել էր Սիսիանի պետական  քոլեջի ուսանողների նախաձեռնությամբ: Տոնը նշելու էին եկել ուսանողներ, դասախոսներ, զինծառայողներ: Ուսանողներին շնորհավորեց, հաջողություններ և նպատակների իրականացում մաղթեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝

առանձնացնելով հայրենի բնօրրանի զարգացման, շենացման, միավորված Սիսիան համայնքի առաջընթացի գործում նրանց ակտիվության, մտավոր ներուժի դերն ու կարևորությունը: Շնորհավորանքներին միացավ պետական քոլեջի տնօրեն Վարոս Սիմոնյանը:
Միջոցառմանը ներկա էին  նաև Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ուսանողները և դասախոսները: Մասնաճյուղի տնօրեն Հրանուշ Բաղդասարյանի շնորհավորական խոսքերի հասցեատերերը, հատկապես, սիսիանցի ուսանողներն էին:
Մանրապատում, ստվերների թատրոն, հայրենաշունչ երգեր, պար և ասմունք: Հայտնի, սիրված ստեղծագործությունների մատուցումը ինքնատիպ էր և յուրովի:
Միջոցառման ընթացքում պետական քոլեջի մի շարք ուսանողներ բարձր առաջադիմության համար ստացան պատվոգրեր և շնորհակալագրեր: Ուշադրությունից դուրս չէին մնացել նաև զինծառայող ուսանողները: Սիսիան համայնքի ղեկավարի և պետական քոլեջի կողմից նվերներ հանձնվեցին քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին և Սիսիանում ժամկետային ծառայությունն իրականացնող զինվորներին:
Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական համերգն ավարտվեց քոլեջի դիզայնի բաժնի ուսանողների ստեղծագործությունների ցուցադրմամբ:

Add comment