Համալիր պարապմունքի ձևաչափն էին ընտրել Սիսիանի թիվ 4 նախակրթարանի աշխատակիցները՝ ներկայացնելու անցած ամիսներին մայրենի լեզվի, գրաճանաչության, երաժշտության, խոսքի զարգացման, տեխնոլոգիայի և նկարչության դասերի ընթացքում ավագ խմբի երեխաների ձեռք բերած գիտելիքները:  Երգ, պար, ասմունք, փոքրիկ բեմականացումներ՝ այսպիսի բովանդակություն ուներ դաստիարակներ Մերի Պետրոսյանի, Նանար Թադևոսյանի և Կարինե Դավթյանի գլխավորությամբ կազմակերպված «Ա» տառի շնորհանդեսը: Նախակրթարանի ավագ խմբի սաները հմտորեն ներկայացրեցին, թե ինչ է նախադասությունը, արագ-արագ վանկատեցին բառերը, տարբերակեցին ձայնավոր և բաղաձայն հնչյունները, պարզ և բարդ բառերը: Դասին «մասնակցում» էին նաև երեխաներին հյուր եկած հեքիաթային հերոսները: Նախակրթարանի տնօրեն Քրիստինե Հարությունյանը բարձր գնահատեց թե՛ երեխաների, թե՛ դաստիարակների աշխատանքը.«Դուք արդեն գիտեք «Ա» տառը, մինչ դպրոց գնալը կծանոթանաք նաև աբբենարանի մնացած տառերի հետ: Համալիր պարապմունքը վկայեց, որ դասերը զուր չեն անցել, դաստիարակների սրտացավ աշխատանքի շնորհիվ դուք դպրոց կհաճախեք գիտելիքների հարուստ պաշարով»,- ասաց տիկին Հարությունյանը: Նախակրթարանի աշխատակիցները և տնօրենը կարծում են, որ ընթացիկ տոնական հանդեսները, դրանց նվիրված ամենօրյա փորձերը խանգարում են երեխաներին, խաթարում նրանց օրակարգը: Նախակրթարանի տնօրինությունը և դաստիարակչական կազմը որոշել է՝  այսուհետ մեծ շուքով կտոնվեն Ամանորը և ավարտական հանդեսները, միջանկյալ տոնական օրերը երեխաները կանցկացնեն բաց դասերի տեսքով: Տնօրենի հետ համակարծիք էր նաև Սիսիանի համայնքապետարանի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Փնջիկ Պետրոսյանը: Բաց դասն ավարտվեց երեխաների ձեռքի աշխատանքների գեղեցիկ ցուցադրությամբ: