Սույն թվականի նոյեմբերի 21-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ավագանու բոլոր նորընտիր 15 անդամները: Նրանց կազմը պարզ էր դարձել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 10.11.2017թ,  թիվ 21-Ա որոշման համաձայն:
Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նախքան  օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` համայնքի ղեկավարը շնորհավորեց ավագանու անդամներին ընտրվելու կապակցությամբ՝ նրանց գործունեությունը կարևորելով ՏԻՄ համակարգի կայացման գործում: Ավագանու կին անդամներ Նաիրա Ներսիսյանը և Գալյա Հովհաննիսյանը համայնքի ղեկավարի կողմից ծաղկեփնջեր ստացան:


Նիստին ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը: 
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի անունից շնորհավորական ելույթով հանդես եկավ Աշոտ Գիլոյանը` նշելով, որ միավորված համայնքի ավագանին ստանձնում է առավել մեծ պատասխանատվություն: Պարոն Գիլոյանը կարևորեց, հատկապես, ավագանու կազմում կանանց ներկայությունը: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից ներկաներին շնորհավորեց Սեյրան Ավետիսյանը՝ մաղթելով ավագանիներին բեղմնավոր աշխատանք համայնքի խնդիրների վեր հանման և լուծման կարևորագույն գործում;
Նիստի ընթացքում համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը  ներկայացրեց օրակարգում ընդգրկված 12 հարցերը, որոնց վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: Այդ թվում նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատման վերաբերյալ:
Աշոտ Գիլոյանը նիստի ավարտին շնորհավորեց օրակարգային կարևորագույն հարցերի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, հատկապես,  ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու հարցը: 
Պարոն Գիլոյանը ներկաներին տեղեկացրեց, որ ավագանու նիստերին իրավունք կստանան մասնակցելու նաև բնակավայրերի նորանշանակ վարչական ղեկավարները՝ տեղերում առկա խնդիրների վեր հանման նպատակով: Խոսվեց նաև ավագանու նիստերի առցանց հեռարձակման կատարելագործման մասին: Ուղիղ եթերը, ծրագրի բարելավման արդյունքում, ինտերակտիվ բնույթ կկրի. բնակիչները հնարավորություն կունենան իրենց հարցերով առցանց մասնակցել նիստերին:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը հավելեց, որ ավագանու անդրանիկ նիստի նախնական կազմակերպական աշխատանքները կատարվել են բարձր մակարդակով, ապացույցը հարցերի արագ քննարկումը և որոշումների ընդունումն էր: Սեյրան Ավետիսյանը նշեց նաև, որ մարզպետարանը պատրաստակամ է յուրաքանչյուր հարցում աջակցելու և համագործակցելու:
Ավագանիների անունից ելույթ ունեցավ Նաիրա Ներսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց վստահված քվեների համար: