ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի, 
ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ 
երկրների գլխավոր դատախազների հերթական նիստերին մասնակցելու նպատակով 
աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն 
այսօր Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության 
գլխավոր դատախազ Մոհամադ Քաֆար Մոնթազերիին:



Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների 
դատախազությունների միջև հաստատված հարաբերությունները, կարևորել են 
համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

ԻԻՀ գլխավոր դատախազը նկատել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ 
հարգանքն ու վստահությունը լիարժեք պայմաններ են ստեղծում միջազգային 
հանցավորության դեմ համատեղ պայքարում, ինչպես նաև իրավական փոխօգնության 
ոլորտում ջանքերի համատեղման և ավելի լայն գործակցություն ծավալելու համար: 
Պարոն Մորթազին Արթուր Դավթյանին հրավիրել է այցելել Իրան՝ քննարկելու 
երկու երկրների դատախազությունների գործունեության արդյունավետության էլ 
ավելի բարձրացմանն առնչվող խնդիրները և համագործակցության հետագա 
ուղղությունները:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով 
հաստատվել են ջերմ, բազմաշերտ հարաբերություններ, որոնք իրենց դրական 
ազդեցությունն են թողնում նաև երկու երկրների իրավապահ համակարգերի միջև 
սերտ կապերի ամրապնդմանը: Արթուր Դավթյանը հավելել է, որ ԻԻՀ գլխավոր 
դատախազի նախորդ այցը Հայաստան և դրա ընթացքում համագործակցության ծրագրի 
իրականացումը մեծապես նպաստել են քրեական գործերով միմյանց ցուցաբերվող 
օգնության արդյունավետության բարձրացմանը և հույս է հայտնել, որ 
առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ գործընթացի շարունակականությունն 
ապահովելու ուղղությամբ:

  ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին պարոն Մորթազերիին սիրով հրավիրել է հաջորդ 
տարի այցելել Հայաստան՝ մասնակցելու ՀՀ դատախազության 100-ամյակին նվիրված 
հանդիսավոր միջոցառումներին՝ համոզմունք հայտնելով, որ այդ այցը էլ ավելի 
կամրապնդի ձեռք բերված բարեկամական գործակցությունը:

Նյութի հղումն այստեղ՝http://www.prosecutor.am/am/mn/6983/