Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 
Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:



ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, և 
ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 
25-ամյակի շրջանակներում ուրախ է արձանագրել երկու դաշնակից, բարեկամ 
երկրների դատախազությունների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացման 
միտումները: Արթուր Դավթյանը շեշտել է երկու երկրների դատախազությունների 
միջև համագործակցության խորացումն առավել ծրագրահեն դարձնելու 
անհրաժեշտությունը՝ առաջին հերթին նկատի ունենալով հատկապես ԵԱՏՄ 
շրջանակներում մարդկանց և էլեկտրոնային ծառայությունների ազատ տեղաշարժի 
աճող ծավալներն ու այդ համատեքստում քննությունից և արդարադատությունից 
խուսափող անձանց հայտնաբերելու, կիբերհանցագործությունների, ահաբեկչության 
դեմ պայքարում ներդրվող համատեղ ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը:

  ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան բարձր է գնահատել ԱՊՀ 
մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 
գործունեությունն առավել նպատակային դարձնելու ՀՀ դատախազության ջանքերը: 
Նա նշել է, որ հաստատված իրավապայմանագրային բազան, ինչպես նաև երկու 
երկրների դատախազությունների միջև հաստատված երկկողմ և բազմակողմ 
ձևաչափերով համագործակցությունն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել երկու 
երկրներում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, իրավական 
փոխօգնության, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարի 
արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար:

Գլխավոր դատախազները քննարկել են նաև իրավական փոխօգնության և դատաիրավական 
ոլորտում գործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանն իր ռուս գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ ՀՀ 
դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին 
մասնակցելու նպատակով:

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Յուրի Չայկան ստորագրել են ՀՀ և 
ՌԴ գլխավոր դատախազությունների միջև 2018-2020թթ. համագործակցության 
ծրագիրը, որով մասնավորապես նախատեսվում են համատեղ աշխատանքներ ԵԱՏՄ 
տարածքում հանցավորության դեմ պայքարի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված 
ակտիվների վերադարձման ուղղությամբ: Արթուր Դավթյանն իր խոսքում նշել է, որ 
երկու երկրների դատախազությունների միջև 2006թ.-ից առ այսօր ստորագրվող 
համագործակցության՝ թվով 5-րդ ծրագրով նախատեսված միջոցառումները կարևոր 
նշանակություն ունեն կողմերի միջև հետագա իրավական համագործակցության 
խորացման համար:

Նյութի հղումն այստեղ՝http://www.prosecutor.am/am/mn/6984/