Դեկտեմբերի 1-ին  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ նորանշանակ վարչական ղեկավարների, հաշվապահների, բնակավայրերի նախադպրոցական հաստատությունների տնօրենների և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համայնքի ղեկավարը շնորհավորեց վարչական ղեկավարներին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Վարչական ղեկավարներ են նշանակվել համայնքների նախկին ղեկավարները, ընտրությունը կատարվել է ելնելով այն հանգամանքից, որ նրանք դեռևս մեկ տարի առաջ  ստացել էին ժողովրդի վստահության քվեն:


Խորհրդակցության ընթացքում ելույթներով հանդես եկան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ: Վարչական ղեկավարների և ներկաների կողմից բարձրացված հարցերի շուրջ տրվեցին համապատասխան սպառիչ պատասխաններ: Քննարկումները վերաբերվում էին առաջիկա անելիքներին, վարչական ղեկավարների կողմից հայտերի ժամանակին ներկայացմանը, վարձավճարների, տեղական տուրքերի հավաքագրմանը և այլն: Ցուցումներ տրվեցին բազային տվյալների ճշգրտման, որոշումների, նախագծերի, նախորդ տարիների վիճակագրական համեմատությունների ներկայացման և այլ կարևոր հարցերի շուրջ: Բնակավայրերի նախադպրոցական հաստատությունների տնօրեններին ևս տրվեցին նույնատիպ հանձնարարականներ՝ գնումները ճիշտ կազմակերպելու, ճշգրիտ բյուջետավարման նպատակով ներկայացնելու  համապատասխան հայտեր: Համայնքապետարանի կազմակերպական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկուհի Բլբուլյանը ներկայացրեց նախակրթարանների հնարավոր վերակազմավորման վերաբերյալ հարցը: Ելնելով այն հանգամանքից, որ Սիսիան քաղաքի չորս նախակրթարանները արդեն լիցենզավորված են կրթության և գիտության նախարարության կողմից՝ բնակավայրերում գործող մանկապարտեզները կհամարվեն վերոնշյալ հաստատությունների առանձին խմբեր, կհամալրվեն համապատասխան մասնագետներով, բոլորի համար կլինի հաստատուն սահմանված սննդակարգ: Տեղերում աշխատանքների ճշգրիտ կազմակերպման, նորացված թղթավարության և հետագա անելիքների  վերաբերյալ վարչական ղեկավարները ցուցումներ ստացան նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչագան Միրաբյանի կողմից: Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրետա Թունյանը իր ելույթում ներկայացրեց համապատասխան հաշվետվությունների ներկացման ժամկետները և կարգը:
Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նշեց, որ թեպետ բոլորի համար անցումային փուլ է, ինչը մի շարք դժվարություններ է ենթադրում, այնուամենայնիվ, առաջիկա աշխատանքների կանոնակարգման, խոշորացված համայնքի գործունեության արդյունավետության, և 2018 թվականի բյուջեի կազմման գործընթացի համար անհրաժեշտ է նախնական կազմակերպչական աշխատանքները իրականացնել միասնական և  մեծագույն պատասխանատվությամբ: