Աշնան վերջին օրերին Սիսիանում մեկնարկեց ծառերի աշնանային սանիտարական էտի աշխատանքները, որոնք կշարունակվեն քանի դեռ եղանակային բարենպաստ պայմանները թույլ են տալիս: Աշխատանքներն իրականացնում են «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները: Էտման և հատման ենթակա ծառերի քանակն ըստ հասցեների սահմանված է համաձայն

Սիսիանի համայնքի ավագանու համապատասխան որոշման:  Աշխատանքների ընթացքում, ելնելով անհրաժեշտությունից, հաստատված ցանկը երբեմն համալրվում է: Էտման են ենթարկվում դեկորատիվ ծառերի  հիվանդ, չորացած ճյուղերը՝ ապահովելով արտաքին պատշաճ տեսքը: Հատվում և հեռացվում են ոչ կենսունակ և անկման վտանգ ունեցող ծառերը, որոնց բներն  ինչ-ինչ պատճառներով վնասված են և կարող են վթարավտանգ իրավիճակների առիթ դառնալ: Էտի են ենթարկվում նաև այն ծառերը, որոնց վերին ճյուղերը խանգարում են հոսանքի լարերին: Ծառերի սանիտարական էտման արդյունքում կուտակված փայտը տրամադրվում է  համայնքային ենթակայության կառույցներին և կարիքավոր ընտանիքներին:
Բնակարանային կոմունալ տնտեսության հետևողական աշխատանքի արդյունքում Սիսիանի արտաքին տեսքն ապահովող դեկորատիվ ծառերը կձմեռեն նորացված և խնամված: