2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ 
բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված` բնապահպանական 
իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի 
ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի 
և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ:



ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում 
նախապատրաստված նյութերով ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում 2017թ. 
նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ 
հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը 
հանձնարարվել էր Սյունիքի մարզային քննչական վարչությանը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական 
գործողությունների արդյուքնում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել 
էր, որ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 47-րդ կմ-ին հարակից՝ ՀՀ ԲՆ «Շիկահող» 
պետական արգելոց ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում անհայտ անձանց կողմից ապօրինի 
հատվել է 30 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, իսկ Սյունիքի մարզի Ծավ 
համայնքի վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքում 7 
տարբեր տեսակի և տրամագծի ծառեր և ծառի ճյուղեր, ինչի հետևանքով պետությանը 
պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 5.393.466 ՀՀ դրամ վնաս:

Ձեռք բերված բավարար տվյալների համակցությամբ հիմնավոր կասկածներ են 
առաջացել առ այն, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Զանգեզուր 
կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված «Շիկահող» պետական 
արգելոցի տեսուչ Ա. Ն.-ի կողմից առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ 
կամ անփույթ վերաբերմունքի պատճառով իր պարտականությունները չկատարելու կամ 
ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով 
սահմանված հանցավոր արարքն առերևույթ կատարելու կասկածանքով Ա. Ն.-ի 
նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

  Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր 
միջոցները՝ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու և արգելոցի 
տարածում ապօրինի ծառահատման հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց 
շրջանակը պարզելու ուղղությամբ:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է 
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական 
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ 
մտած դատավճռով:

Նյութի հղումն այստեղ՝ http://www.prosecutor.am/am/mn/6990/